Ֆրանսիան ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանին և Արցախին հիմա նաև ԵՄ նախագահության մակարդակով. Կայծ Մինասյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան ինքնաբերաբար ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանի և Արցախի հարցերին ոչ միայն իբրև Հայաստանի բարեկամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ այժմ նաև որպես Եվրամիության նախագահող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դիվանագիտությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում պետք է շատ աշխույժ լինի արդյունքի հասնելու համար:

«Ֆրանսիան վաղուց կարևորություն է տալիս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հարցին, քանի որ թե՛ բարեկամական երկիր է Հայաստանի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Ուրեմն, Ֆրանսիան ինքնաբերաբար պետք է ավելի մեծ կարևորություն տա Հայաստանին և Արցախին՝ հիմա նաև Եվրամիության նախագահության մակարդակով: Դա նշանակում է,որ Ֆրանսիան ավելի շատ ուժ պիտի ունենա առաջիկա վեց ամսվա ընթացքում և պիտի օգտագործի նախագահական ընտրությունների առթիվ, որպեսզի ավելի մեծ արձագանք ստանան Հայաստանը և Արցախը: Բայց դա չի նշանակում, թե պետք է հանգիստ նստել և ոչինչ չանել: Ճիշտ հակառակը՝ Հայաստանի դիվանագիտությունը, Հայաստանի կառավարությունը և հայկական «փափուկ ուժը» պետք է ավելի աշխույժ լինի այդ ժամանակաշրջանում, որպեսզի ստանա՝ ինչ հնարավոր է և ինչու չէ՝ մի քիչ ավելին», - «Արմենպրես»-ին հաղորդեց Կայծ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝ թե՛ Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում և թե՛ ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունները բացառիկ առիթ են հայերի և Հայաստանի համար փորձելու հայկական հարցերին քաջատեղյակ Էմանուել Մակրոնի հետ միասին առաջ գնալ տարածաշրջանի խաղաղության ու կայունության, զարգացման, հայ գերիների վերադարձի և մի շարք այլ հարցերում:

Մինասյանի խոսքով՝ դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Արցախ ավելի է մեծացրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարևորությունը Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավի համատեքստում, բայց թե ինչ կասի կամ ինչ կանի նախագահ Մակրոնը տվյալ հարցի վերաբերյալ և ինչ կասեն մյուս թեկնածուները՝ հայտնի չէ: Հետևաբար, կանխատեսումներ անելն առայժմ դժվար է:

2022 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Այդ կարգավիճակը ԵՄ անդամ երկրները ստանում են 13 տարվա մեջ մեկ անգամ: Էմանուել Մակրոնը, որպես Ֆրանսիայի ղեկավար դառնալով նաև եվրոպական 27 անդամ պետությունների միության փաստացի առաջնորդը, հավակնոտ օրակարգ է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ ժամանակահատվածը առաջընթացի ժամանակ է լինելու Եվրոպայի համար:

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը հունվարի 3-ին հայտարարել էր, որ ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման:

Հանրապետականների կողմից ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված Վալերի Պեկրեսը, որը նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավարն է, դեկտեմբերին այցով եկել էր Երևան, այնուհետև մեկնել էր նաև Արցախի Հանրապետություն՝ Ստեփանակերտում հանդիպելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Երևանում Պեկրեսը լրագրողներին ասել էր, որ Ֆրանսիան կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում, այդ թվում՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահ Ֆրանսիան կարևոր դեր ունի համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում:

Արամ Սարգսյան

Հայերեն English Русский

Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա

CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի նիստին քննարկվել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess» մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

Իրանում հայտարարել են արտաքին շուկա նավթի մատակարարումների գրեթե լիակատար դադարեցման մասին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. կան զոհեր

Ստեղծվել է ՀՀ ԶՈՒ-ում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող աշխատանքային խումբ

Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ մի շարք մանկապարտեզներում մեկնարկած հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի և Իրանի աջակիցների համար «ահռելի» տնտեսական հետևանքների մասին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքները

Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է. Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը