Սպորտ

Բռնցքամարտիկները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան  

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան  

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով, ընտրանու անդամները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը:

«Տղաները լավ են նախապատրաստվել և լավ մարզավիճակում են: Իսկ մրցավայրում գերազանց մարզավիճակում կլինեն: Տղաները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը: Վերջինիս խոսքով` ամեն քաշային կարգում ընդգրկված են առաջատար բռնցքամարտիկներ:

«Աշխարհի այս առաջնությունում թեժ պայքար է լինելու` Օլիմպիական խաղերից ոչ պակաս»,- շեշտեց մասնագետը:

Հայաստանի հավաքական թիմը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Սեյրան Եղիկյան (48 կգ քաշային կարգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Վահե Բադալյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63.5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Արման Դարչինյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան` գերծանր քաշային կարգում։

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգերում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 11-ում: Աշխարհի առաջնությունն այս տարի բացառիկ է: ԱԻԲԱ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները` 50 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար:

Առաջնությանը մասնակցում են 650 բռնցքամարտիկ աշխարհի 105 երկրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում