ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն իր գլխավորած թիմը Եվրոպայում ամենամրցունակն է համարում:
«Նախապատրաստական շրջանում ոչ մի խնդիր չենք ունեցել: Գրեթե բոլոր տղաներն ցուցադրեցին այն, ինչին ունակ էին ներկայումս: Մեր թիմն այժմ Եվրոպայում ամենամրցունակ հավաքականն է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը: Վերջինս շեշտեց, որ 4 մեդալ հավաքականը նախկինում չի նվաճել, սակայն ինքը ավելիի հույսն ուներ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կայացավ Երևանում մայիսի 21-31-ը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիրներ` Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե: