Կամերային երգչախումբը համերգով տոնեց Հարություն Թոփիկյանի 70-ամյակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է, համերգային ծրագրով նշեց խմբավար, երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի 70-ամյակը:

Հոբելյանական համերգը, որի շրջանակում հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործությունները, տեղի ունեցավ հուլիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն Վիլյամ Վայներն ասաց, որ մաեստրո Հարություն Թոփիկյան մարդու, մասնագետի, խմբավարի, բարեկամի մասին կարելի է անվերջ խոսել: «Նա շատ վառ անձնավորություն էր: Անգամ այսօր շարունակում եմ ներկա ժամանակով խոսել նրա մասին: Կորուստը չափազանց մեծ է, հարվածն ուժեղ էր, և մեր խնդիրն էր հավաքվել, լինել կուռ, միասնական, որպեսզի այն, ինչ ստեղծեց մաեստրոն շարունակի իր կյանքը, ունենա երկար ստեղծագործական ճանապարհ: Մենք կարողացանք պահպանել դա և նոր էջ բացել թե՛ ծրագրային, թե՛ համերգային գործունեությամբ: Այն, ինչ ստեղծեց Թոփիկյանը գունապնակ է, որն ուրույն տեղ ունի մեր մշակութային կյանքում»,-շեշտեց Վայները:

Նրա խոսքով՝ իրենց առաքելությունը Կոմիտասի երգչախմբային արվեստի հանրահռչակումն էր: Երգչախումբը ձգտել է Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից զատ ձայնագրել և երաժշտասերներին մատուցել Կոմիտասի մյուս գործերը: Երգչախումբը ձայնագրել է կոմիտասյան հինգ սկավառակ, որոնցում ներառված են հեղինակի և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր շարքերը:

Վայները տեղեկացրեց, որ ձայնագրել են նաև Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Համասյանի ստեղծագործությունները: «Մենք շատ ենք հպարտանում, որ կարողացանք իրականացնել մաեստրո Թոփիկյանի երազանքն ու ձայնագրեցինք Հովհաննիսյանի գործերը: Շեշտում եմ դա, որովհետև ամբողջ կյանքի ընթացքում կատարել ենք Էդգար Հովհաննիսյանի երգչախմբային գործերը, ժողովրդական երգերի մշակումները: Մեծագույն խանդավառությամբ սկսեցինք ձայնագրությունները և հինգերորդ գործի ավարտին ամբողջ երգչախումբը վարակվեց կորոնավիրուսով: Ձայնագրությունն ընդհատվեց: Բոլորը պայքարեցին, իսկ մաեստրոն չկարողացավ հաղթահարել: Ամենամեծ ցանկությունն էր ավարտել ձայնագրությունը: Մենք դա արեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ խմբավար Քրիստինա Ոսկանյանին»,-պատմեց երգչախմբի տնօրենը:

Նա շեշտեց, որ մինչ օրս 16 CD են ձայնագրել, ինչը մեծ ավանդ է երաժշտական կյանքում, և երգչախումբը շարունակում է այս ուղին: Վայները հույս ունի՝ դեռ շատ-շատ համերգներով ու այլ նախաձեռնություններով հանդես գալ:

Վիլյամ Վայները կարևորեց նաև արտերկրյա համերգների դերը՝ նշելով, որ Տիգրան Համասյանի հետ հարյուր համերգով են հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում, այցելել են նաև Արևմտյան Հայաստան: «Ցանկանում եմ՝ մեր ուղին լինի պտղաբեր, որպեսզի կարողանանք պահպանել այն որակը, որն ունենք, ավելի ծաղկացնել երգչախումբն ու մեր երաժշտությունը մատուցել աշխարհի տարբեր բեմերում»,-եզրափակեց Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրենը:

1996 թվականին Հարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ, իսկ 2009 թվականին ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Թոփիկյանի դիրիժորությամբ երգչախմբի իրականացրած շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար բազմիցս արժանացել է պետական պարգևների։

Հայ երգչախմբային արվեստի երախտավոր Հարություն Թոփիկյանը կյանքից հեռացել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին