Կշարունակեմ աջակցել, նպաստել Օպերային թատրոնի զարգացմանը. Կոնստանտին Օրբելյանը՝ անելիքների մասին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տևական ժամանակ Հայաստանում չէ, սակայն շարունակում է ղեկավարել թատրոնն ու նպաստել երկրի կարևորագույն մշակութային կառույցի զարգացմանը:

Օրբելյանը, որը հունիսին պատրաստվում է վերադառնալ Հայաստան, «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է արտերկրում կատարած աշխատանքի, Օպերային թատրոնում սպասվող նորությունների մասին:

- Պարոն Օրբելյան, տևական ժամանակ ԱՄՆ-ում եք: Այդ ընթացքում ստեղծագործական ի՞նչ գործունեություն եք ծավալել: Հետաքրքիր նախագծերի մասնակցե՞լ եք:

- Ճիշտ եք, ԱՄՆ-ում եմ, սակայն այդ ընթացքում մշտապես շարունակել եմ հեռավար տարբերակով իրականացնել իմ գործունեությունը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում: Ցավոք, համավարակի, այնուհետև պատերազմի հետևանքով մենք բազմաթիվ ծրագրեր չեղարկեցինք: Այդ ընթացքում առավել մեծ ուշադրություն կենտրոնացրինք առցանց գործունեությանը, իսկ պատերազմի ժամանակահատվածում ամեն ինչ արվեց առաջնագծի համար: Ամբողջ աշխարհում համավարակի տարածման ընթացքում չեն եղել մշակութային հնչեղություն ունեցող նախագծեր, քանի որ թատրոններն ու համերգասրահներն ուղղակի չէին գործում: Հուսանք՝ հնարավոր կլինի վերսկսել մեր լիարժեք գործունեությունը: Այդ ուղղությամբ արդեն շատ ծրագրեր ենք իրականացնում:

- Ձեր շնորհիվ մեր թատրոնի արտիստները հնարավորություն ունեցան հյուրախաղերով հանդես գալ արտերկրում: Նման համագործակցությունների կապեր հաստատվե՞լ են:

- Ես միշտ էլ բոլոր հնարավոր առիթների դեպքում փորձում եմ մեր արտիստներին մասնակից դարձնել տարբեր հյուրախաղերի, որպեսզի նրանք երկրից դուրս ներկայանալու հնարավորություն ունենան: Վերջերս նման առիթ ունեցանք, և նրանցից մի քանիսը մասնակից դարձան մեծ կարևորություն ունեցող «Սանկտ Պետերբուրգյան պալատներ» երաժշտական փառատոնին: Հուսանք, որ մոտ ապագայում հյուրախաղերի համար դարձյալ կստեղծվեն նպաստավոր պայմաններ: Հյուրախաղերն ու արտասահմանյան բեմերում ելույթներն անչափ կարևոր են արտիստի համար:

- Վերջերս թատրոնի խաղացանկը համալրվեց «Պայացներ» օպերային ներկայացմամբ, որը դրական արձագանք գտավ երաժշտասերների շրջանում: Թատրոնի հետ կապված ի՞նչ նախաձեռնություններ կան:

- Այո՛, «Պայացներ» օպերայի պրեմիերան իսկապես մեծ հաջողություն ունեցավ: Կարծում եմ՝ առաջիկայում կկարողանանք նոր պրեմիերաներով հանդես գալ: Մենք դեռևս 2020 թվականից կիսատ մնացած ներկայացումներ ունենք, որոնք ավարտին հասցնելը մեր առաջնահերթությունների շարքում է: Իսկապես, մեկը մյուսից հետաքրքիր ծրագրեր կան, պարզապես պետք է հուսալ, որ դրանց իրականացման համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն:

- Պարոն Օրբելյան, օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ մտադիր են վերականգնել «Սպարտակ» բալետային ներկայացումը: Գաղափարն իրագործելի՞ է: Կա՞ն այլ ներկայացումներ, որոնք ևս թարմացնելու կարիք ունեն:

- Միանգամայն իրատեսական է: Շատ շուտով մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու վերականգնված «Սպարտակ» բալետային ներկայացումը: Խաղացանկում կան վերականգնման, թարմացման անհրաժեշտություն ունեցող այլ ներկայացումներ ևս: Կան բեմադրություններ, որոնք այդ նույն մատուցմամբ մատուցելն այլևս շահեկան չէ: Պետք է թարմացնել, նորացնել, նոր բեմադրություններով հանդես գալ: Սա կարևորագույն խնդիր է, և այն մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Այդ ձևով մենք 2018 թվականին նորովի բեմադրեցինք Բիզեի «Կարմեն» օպերան, որը հյուրախաղերով ներկայացրինք Դուբայում, իսկ հետո նաև մեզ մոտ: Այս շաբաթ «Կարմենը» կներկայացվի հերթական անգամ մեր բեմում: Սիրով հրավիրում ենք մեր հանդիսատեսին վայելելու այս շքեղագույն ստեղծագործությունը:

- Ձեր արվեստի երկրպագուներն ուրախությամբ ընդունեցին ձեր՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր նշանակվելու մասին լուրը, ինչի առթիվ շնորհավորում ենք: Ինչպե՞ս եք համատեղելու նոր պաշտոնն ու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի զգային ակադեմիական թատրոնում ստանձնած պարտականությունները:

-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մոտ ժամանակներս կհստակեցվեն իմ հայաստանյան հետագա գործունեությանն առնչվող մանրամասները: Մի բան հստակ է. ես մշտապես կշարունակեմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել, նպաստել մեր թատրոնի զարգացմանը: Այստեղ ես շատ ընկերներ, մտերիմներ ունեմ, որոնց պետք է օգնենք իրենց հետագա աշխատանքում: Վստահեցնում եմ, որ մեր թատրոնում աշխատում են տաղանդաշատ մարդիկ, արվեստի իսկական նվիրյալներ: Նրանց պետք է օգնել, աջակցել հետագա գործունեության ընթացքում:

- Եթե չեմ սխալվում, օգոստոսին ավարտվում է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում ձեր աշխատանքային պայմանագրի ժամկետը: Մրցույթին մասնակցելո՞ւ եք:

- Կարճ ժամանակ անց ամեն ինչ պարզ կլինի: Նորից եմ ուզում ասել, որ ես պատրաստ եմ իմ գործունեությամբ աջակցել մեր թատրոնի զարգացմանը:

- Հայաստանի հանդիսատեսը ձեզ տեսնելու հնարավորություն ե՞րբ

կունենա:

- Իմ վերադարձը նախատեսված է հունիսի վերջին: Հուսանք՝ ոչ մի խանգարող հանգամանք չի լինի:

Հարցազրույցը վարեց

Անժելա Համբարձումյանը

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին