Երևանի թիվ 9/60 ընտրատեղամասում մինչև ժամը 11:15-ը քվեարկել է մոտ 250 քաղաքացի
2 րոպեի ընթերցում
![Երևանի թիվ 9/60 ընտրատեղամասում մինչև ժամը 11:15-ը քվեարկել է մոտ 250 քաղաքացի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055949.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևանի թիվ 9/60 ընտրատեղամասում ժամը 11:15-ի դրությամբ քվեարկել է մոտ 250 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Բաբայանը:
«Արդեն քվեարկել է մոտ 250 քաղաքացի: Ընտրատեղամասում պետք է ընտրի ընդհանուրը 1 820 քաղաքացի»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ առավոտից քաղաքացիների կայուն հոսք կա, չի դադարում: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ միջադեպեր չեն գրանցվել ընտրատեղամասում, միայն մեկ բան նշեց. «Առավոտյան ստիպված ենք եղել մոտ 10 րոպե ուշ բացել ընտրատեղամասը, քանի որ տեխնիկական խնդիր ունեինք. չհրկիզվող պարանը չէր բացվում, ստիպված եղանք էլեկտրական սղոցով կտրել: Այս պահի դրությամբ ուրիշ խնդիրներ, միջադեպեր չունենք»:
Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ ընտրատեղամասում հակահամաճարակային կանոնները պահպանվում են, մուտքի մոտ դրված են դիմակներ, ախտահանիչներ, ընտրողներին խնդրում են կրել դիմակներ:
Հայաստանում հունիսի 20-ի ժամը 08:00-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն, 4 դաշինք: