Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտն ավելի զարգացնելու համար կբարելավվեն ենթակառուցվածքները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մտադիր է ամենաշատ զբոսաշրջային ուղղություններ ունեցող մարզում բարելավել ենթակառուցվածքները՝ իրականացնել վերանորոգման, վերակառուցման, ճանապարահաշինության ու լուսավորության աշխատանքներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանն ասաց, որ Գառնու ուղղությամբ պետք է ամրաշինական աշխատանքներ տարվեն՝ սողանքները հնարավորինս պակասեցնելու համար:
«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել: Կոտայքն ամենաշատ զբոսաշրջային ուղղություններ ունեցող մարզերից մեկն է, և այդ պատճառով այստեղ նախատեսում ենք այդ ոլորտին առնչվող շատ ծրագրեր իրականացնել: Այդ ամենի համար պետք է ենթակառուցվածքները բարելավել, վերանորոգման, վերակառուցման, ճանապարհաշինության, լուսավորության աշխատանքներ տանել: Մեր մարզում զարգանալու տեղ ունի նաև սպասարկման ոլորտը»,- նշեց Սահակյանը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, մարզպետարանում կադրային ջարդ իրականացնել, նա ասաց, որ նման որոշում չունի ու դեռևս չի պատրաստվում որևէ մեկին աշխատանքից ազատել: Նրա խոսքով՝ կհեռացնի միայն այն անձանց, ովքեր չեն բավարարի իր սահմանած պահանջներին:
«Մարզպետարանում աշխատողները պետք է լինեն օրենքի սահմաններում գործող ու պարտականությունները ճիշտ կատարող: Այս երկու պահանջն իրականացնելու դեպքում, իհարկե, նրանք կաշխատեն մեր թիմում»,- նշեց Ահարոն Սահակյանը և հավելեց, որ կառավարությունը 2021 թվականի համար Կոտայքի մարզին տրամադրել է 120 մլն դրամ, որը պետք է բաշխվի ըստ համայնքների՝ վերանորոգման ծրագրերի համար: