Կրակելու հրաման տալիս է ոչ թե քաղաքական, այլ ռազմական ղեկավարությունը. ԳՇ պետի տեղակալ
1 րոպեի ընթերցում
![Կրակելու հրաման տալիս է ոչ թե քաղաքական, այլ ռազմական ղեկավարությունը. ԳՇ պետի տեղակալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053648.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ՀՀ պետական տարածքում գտնվող Ադրբեջանի զինծառայողների ուղղությամբ չկրակելու հրաման չի տվել, կրակելու-չկրակելու որոշում է կայացնում ՀՀ ռազմական ղեկավարությունը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
«Քաղաքական ղեկավարությունը այդպիսի հրաման չի տալիս։ Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը։ Քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման ուղղությունները, պայմանները։ Իսկ կրակելու կամ չկրակելու հարցը քննարկում և որոշումը կայացնում ենք մենք»,- ասաց Ասրյանը։
Հարցին՝ թե որ դեպքում կլինի կրակելու հրաման, Ասրյանը պատասխանեց, որ եթե լինեն համապատասխան նախանշաններ, որ հակառակորդը արդեն իսկ ձգտում է իր պայմանները թելադրել, միանշանակ կկիրառվի ռազմական ուժ, զենք և կոչնչացվեն ՀՀ պետական տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողները։