Լճաշենի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ անվանակոչության արարողություն

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողներ, դպրոցի շրջանավարտներ Գեւորգ Բաբայանի, Փայլակ Ղազարյանի, Հայկ Գասպարյանի, Ռաֆֆի Մանուկյանի եւ համայնքի բնակիչ Վրույր Վարդանյանի անվան ՆԶՊ դասասենյակի անվանակոչության արարողությունը եւ հուշ-ցերեկույթ՝ «Դուք հավերժ կապրեք մեր սրտերում» խորագրով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությունը մեկնարկեց դպրոցի բակում անվանական ծառերի տնկմամբ: Հուշ-ցերեկույթին ներկա էին Լճաշենի համայնքի աշխատակազմը, դպրոցի կառավարման խորհրդի անդամներ, նահատակված զինծառայողների ծնողներ, հարազատներ, ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Ոգեկոչման խոսք ասաց Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը: Ներկաներն անթաքույց հուզմունքով դիտեցին «Փառքի սրահում» տեղ գտած խորհրդանշական նռան հատիկների եւ խոլորձի ծաղկի թփերի վրա տեղադրված մեր սուրբ նահատակների լուսանկարները։ Դպրոցականները հայրենասիրական բանաստեղծություններով, արձակ խոսքով ներկայացրին քաջ տղաների կենսագրությունը, անցած ճանապարհը, դրվագներ դպրոցական, մարզական, ուսանողական եւ զինվորական կյանքից, տարբեր կազմակերպությունների կողմից ստացած հուշամեդալները, պատվոգրերը, շնորհակալագրերն ու հավաստագրերը: 4-րդ դասարանի աշակերտները զոհված զինվոր եղբայրներին խոստացան իրագործել նրանց կիսատ թողած երազանքներն ու իղձերը: Աշակերտական խորհրդի անդամները զոհված քաջորդիների մայրերին ու հարազատներին նվիրեցին վարդեր եւ տղաների դիմանկարները, որոնք նկարել էին դպրոցի սաներ Շուշան Ղազարյանը, Սյուզան Խաչատրյանը եւ Արա Հարությունյանը:

«Արցախյան դաժան պատերազմում թանկ կորուստներ ունեցանք:- Ասաց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը:- Նրանց վիճակվեց ապրել կարճ գարուններ՝ իրենց սխրանքով ու անձնազոհությամբ հավերժանալով մեր սրտերում: Մեր սուրբ պարտքն է փառաբանել եւ ներկայացնել մերօրյա հերոսների սխրանքը եւ հարգել նրանց հիշատակը մեր նվիրական աշխատանքով։

Այսօրվա նման եմ հիշում…

Աշակերտական նստարանի մոտ, միջանցքում, բակում... Աշխույժ, բարի, հումորով տղաներ էին, ամեն ինչի մեջ գեղեցիկն էին տեսնում։ Գեւորգը սիրում էր պարել, լողալ, մարզվել… Փայլակը երգում էր, ասմունքում… Հայկը երազում էր դառնալ զինվորական… Ռաֆֆին քչախոս էր, բարի, աշխատասեր, նուրբ ժպիտ ուներ, սպորտով էր զբաղվում… Վրույրը սիրում էր ֆուտբոլ խաղալ…

Մեր տղաներն այն քաջերն էին, որ բոլորիս համար դարձան արիության կենդանի կերպարներ, որոնց թափած սուրբ արյամբ կանգուն մնացին մեր սուրբ հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր պապերի օջախները: Նրանք մեզ՝ ապրողներիս կարեւոր պատգամ տվեցին՝ ապրել, արարել, վերածնված Հայաստան ու Արցախ թողնել մատաղ սերնդին»,- իր խոսքն ամփոփեց դպրոցի տնօրենը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել