Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները
2 րոպեի ընթերցում
![Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052321.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Ալաշկերտի»և«Արարատի» միջև խաղը կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։
Հիշեցնենք, որ մինչ այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ․ 2011 թվականին«Շիրակի» և«Միկայի» միջև կայացած խաղը սպասարկեց Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թվականին«Շիրակի» և«Իմպուլսի» մրցավեճը դատում էր Անդրեա դե Մարկոն՝ Իտալիայից, 2015 թվականին «Փյունիկն» ու«Միկան» խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019-ին«Ալաշկերտն» ու«Լոռին»՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ։
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ«Ալաշկերտ» –«Արարատ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 19։00-ին՝ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
|