Ավարտվել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կայացած հաշվետու համերգով ավարտվել է մարտին մեկնարկած համերգաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 11-17-տարեկան պատանի կրթաթոշակառուներն են Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր): Նրանք հանրապետության լավագույն երաժշտական կրթօջախների սաներ են:

Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացած երաժշտական երեկոների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները կատարել են Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․ Շումանի, Յո․ Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի, Պ. Սարասատեի, Կ. Դավիդովի, Յո. Ս. Բախի, Կ.

Պիվոնկայի, Կ․Նիլսենի, Կ․Վեբերի ստեղծագործությունները:

Համերգների ավարտին կրթաթոշակառուները միասին կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից՝ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի փոխադրությամբ։

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով՝ այսպիսի համերգները լավ առիթ են երեխաների համար, որ նրանք ևս մեկ քայլ անեն մասնագիտացման ճանապարհին, հմտանան թիմային աշխատանքում, հատկապես պատանի տարիքում: «Վստահեցնում եմ՝ համերգին մասնակցած երեխաներից շատերը հետագայում կդառնան մենակատարներ և իրենց տեղը կգտնեն երաժշտության ոլորտում: Այս առումով նպատակային եւ արդարացված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը, որը բացահայտում և աջակցում է տաղանդավոր պատանի երաժիշտներին»,- նշում է նա:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանի համոզմամբ՝ հիմնադրամի գործունեության արդյունքը գոհացուցիչ է. «Համավարակի պայմաններում հիմնադրամն արել է առավելագույնը կրթաթոշակառուների համա՝ անցկացնելով վարպետության դասեր, կազմակերպելով համերգներ, մինչդեռ ողջ հանրապետությունում երեխաների շրջանում անցկացվող մրցույթներ և միջոցառումներ գրեթե չեն անցկացվում: Մշակութային կյանքը դանդաղել է, հատկապես երեխաների մասնակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, որոնք քրտնաջան աշխատանք են կատարել կրթաթոշակառուներին մասնագիտական առումով այս բարձր մակարդակին հասցնելու համար»,- ասում է Մովսեսյանը:

Դիրիժոր, դաշնակահար, Աշկելոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, Թել Ավիվի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի անցկացրած մրցույթի ժյուրիի անդամ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ գրեթե մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուների երաժշտական հմտությունները զարգացել են, աճն ակնհայտ է:

Պապյանը մեծապես կարևորում է պատանի երաժիշտներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բայց առավել անհրաժեշտ է համարում վարպետության դասերի անցկացումը. «Ֆինանսական աջակցությունը շատ կարևոր է, դա հնարավորություն է տալիս պատանի կատարողին չանհանգստանալ գումարի մասին, օրինակ, երիտասարդ կատարողը պետք է միջոց ունենա որևէ մրցույթի մեկնելու, և հիմնադրամն այդ առումով էլ իր աջակցությունն է ցուցաբերում: Բայց առավել կարևոր է մասնագիտական առումով ուղղորդել, աջակցել պատանի կատարողին: Շատ ողջունելի է, որ Սերգեյ Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, արդեն իսկ սկսել է մտահոգվել սերնդափոխության մասին, կյանքի կոչել մի հրաշալի գաղափար՝ օգնել տաղանդավոր պատանի երաժիշտներին, ստեղծելով հիմնադրամ: Նայելով հիմնադրամի կրթաթոշակառուներին՝ ուրախանում եմ, որ երաժշտությունը չի ավարտվի մեր սերնդով, որ կունենանք մեր գործի արժանի շարունակողներ: Ես փարատեցի իմ մտահոգությունն այդ առումով, մենք ունենք փայլուն երեխաներ, որոնցից լավագույններին աջակցում է Սերգեյ Սմբատյանի ստեղծած հիմնադրամը»,-շեշտում է Պապյանը:

Ըստ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի՝ կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգները հնարավորություն են ստեղծում նրանց համար աճել որպես երաժիշտ, հմտանալ. «Ամեն անգամ բեմ դուրս գալով՝ երեխաները աճում են: Մրցութային կարգով ընտրվել են լավագույն, փայլուն երեխաները: Հիմնադրամն անում է հնարավորինը, որպեսզի կրթաթոշակառուները գնահատված լինեն, և երեխաները դա հասկանում են, դա շատ մեծ խթան է, որպեսզի հետագայում նրանք ավելի շատ պարապեն, ավելի հմուտ լինեն: Այս հիմնադրամը մեծ գործունեություն է ծավալում հօգուտ ապագա երաժիշտների, մոտեցումը տարբերվում է այլ հիմնադրամներից, քանի որ չի սահմանափակվում կրթաթոշակ տրամադրելով, այլ անում է հնարավորը, հատկապես համավարակի պայմաններում, որպեսզի նպաստի կրթաթոշակառուների մասնագիտական աճին»,-եզրափակում է տնօրենը:

Առաջիկայում «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը կրկին կհայտարարի մրցույթ երաժշտական հաստատությունների սաների շրջանում: Առավել տաղանդավորները կստանան տարեկան անվանական կրթաթոշակ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու լավագույն մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերին:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին