ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանականությանը
1 րոպեի ընթերցում
![ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանականությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1050062.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյոք Հայաստանում նախընտրական և հետընտրական շրջանում ապակայունացման սպառնալիք:
«Հայաստանի քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով, և 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ պաշար են ձևավորել։ Հենց սրա շնորհիվ է, որ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմյան ոչ դյուրին շրջանը և պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանզի հնարավորություն են տալիս ժողովրդին իր կամարտահայտությունը հայտնել դեմոկրատական մեխանիզմների միջոցով»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
Հայաստանում սպասվում է, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: