Սերգեյ Խաչատրյանը երաժշտասերներին ներկայացրեց «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ՝ դհոլի վարպետ Սերգեյ Խաչատրյանը դհոլի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, գործիքի առանձնահատկություններն ընդգծելու նպատակով գրել և հրատարակել է «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը՝ ներկայացնելով դհոլի կարևոր դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում: Հեղինակն անդրադարձել է հայկական դհոլ նվագելու յուրահատկություններին ու հմտություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Անհրաժեշտ էր նման գիրք գրել, քանի որ դհոլի ձեռնարկ չկար: Մեր երաժշտական ուսումնական հաստատություններում սովորեցնում են դհոլ նվագել, բայց չկային նոտա, հարվածի նոտա, տերմինաբանություն և այլն: Այդ ամենը փորձել եմ գրքում ներկայացնել հասարակ ու պարզ լեզվով թե՛ նոր սերնդի, թե՛ հմուտ երաժիշտների համար»,-նշեց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ դհոլ նվագել սովորելու ցանկություն ունեցողները հեռախոսի միջոցով կարող են սքանավորել գրքում առկա QR կոդը և իմանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է:

Խաչատրյանը ձեռնարկը կյանքի է կոչել իր տաղանդավոր ընկերների աջակցությամբ: Նման ձեռնարկի ստեղծումն ու հրատարակումը երաժշտի երազանքն է եղել: Երկար տարիներ նվագելով, դասավանդելով՝ նա իր փորձն ու հմտություններն է փոխանցել երեխաներին և եկել այն եզրակացության, որ խոսքը շատ կարևոր է, սակայն անհրաժեշտ է ձեռնարկ, որը հնարավորություն կտա առավել դյուրին ընկալել դհոլի առանձնահատկությունները:

Ըստ Խաչատրյանի՝ չկա հայ երեխա, որը կապ չունենա դհոլի հետ: «Երբ ծնողները երեխաներին բերում են երաժշտական դպրոց դհոլ նվագել սովորելու, միշտ նշում են, որ երեխաները նվագում են սեղանին, աթոռին և այլուր: Դա մեր արյան մեջ է»,- շեշտեց Սերգեյը:

Ունենալով հենց իր դհոլի դպրոցը՝ Խաչատրյանը ձեռնարկը գրելիս հաշվի է առել դասավանդման տարիների սեփական փորձը։ Ուսումնական ձեռնարկում ներկայացված դասավանդման նյութերի, ռիթմիկ հնչերանգների առանձնահատկությունների հիմքում ընկած են հեղինակի ստեղծած կատարումները և հայկական էթնիկ ավանդական երաժշտության նմուշները։

Ձեռնարկը բաղկացած է ձայնի վերարտադրման տեխնիկայի, նոտաների նշագրման, դհոլի տերմինաբանության, երաժշտական տարրական տեսության, վարժությունների, էտյուդների բաժիններից:

Շնորհանդեսին ներկա էին երաժշտարվեստի բազմաթիվ սիրված ներկայացուցիչներ, որոնք եկել էին շնորհավորելու և սատարելու իրենց ընկերոջն ու գործընկերոջը:

ՀՀ վաստակավոր արտիստ երգահան, երաժիշտ-կատարող Արա Գևորգյանն ընդգծեց, որ գիրքը պարզ է և հնարավորություն կտա տիրապետել դհոլ նվագելու առաջին քայլերին, որոնք կարևոր են: «Էական է ուսուցչի հանձնարարությունները տանը նաև գրքի միջոցով յուրացնելը: Ես խորհուրդ կտամ ունենալ այս գիրքը: Մանկավարժական համալսարանի «Երաժշտության» ամբիոնի վարիչն եմ և հիշում եմ, որ մի առիթով Արազ Օրդինյանի հետ զրուցում էինք, և գաղափար առաջացավ, որ դհոլը պետք է նոտաներ ունենա: Իմացանք, որ ժամանակին նոտաներ եղել են, որոնք չեն օգտագործվել: Ես չեմ տեսել դհոլահարի, որը նոտաներով է նվագում: Շատ ուրախ եմ նման ձեռնարկի հրատարակման համար, որովհետև երեխաները կկապվեն նոտաներին, իսկ նոտա իմանալը գրագիտություն է ու կարևոր է ցանկացած երաժշտի համար: Ինչո՞ւ պետք է բոլոր երաժիշտները նոտա կարդալ իմանան, իսկ դհոլահարները՝ ոչ»,-շեշտեց Գևորգյանը՝ շնորհավորելով Սերգեյ Խաչատրյանին:

«Դհոլի բանալի» ձեռնարկը շուտով հասանելի կլինի բոլոր գրախանութներում:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում: 2007 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ֆակուլտետը: Սերգեյը (էֆո) մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների ու փառատոնների՝ վերադառնալով դափնեկրի դիպլոմներով: 2013 թվականին հիմնել է «Էֆո» դհոլի ստուդիան: 2014-ին ստեղծել է «Էֆո Դհոլ» ապրանքանիշը, որն առաջարկում է բարձրորակ դհոլների տեսականի յուրահատուկ հնչողությամբ ու ձևավորմամբ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում