Գիրքը՝ լուսավոր աշխարհի սիմվոլ. ի՞նչ է խորհուրդ տալիս ընթերցել Արա Խզմալյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շատ է կարևորում գրքի հանրահռչակմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առանձնացնելով Գիրք նվիրելու տոնը, որը նշվում է փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Կարծում է՝ գրքի մեծարումը, գրքի հանդեպ հանրային վերաբերմունքը պետք է ամենօրյա աշխատանք լինի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Խզմալյանը խոստովանում է, որ զարմանալի զուգադիպությամբ իր կյանքի բոլոր կարևոր գրքերը, որոնք իրական ազդեցություն են ունեցել իր աշխարհայացքի ձևավորման վրա, հայտնվել են ճիշտ այն պահին, երբ պետք էր:

«Անկեղծ ասած՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է շատ կարդալ գեղարվեստական գրականություն, որովհետև ամեն մի հեղինակի հետ երկխոսությունը հսկայական հոգևոր ճանապարհ է, որն անցնում ես և ոչ միայն ներշնչվում, այլև դա պահանջում է մտքի կենտրոնացում: Չեմ կարողանում շատ կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ խորքային իմաստով դա ինձ համար անհնար է: Յուրաքանչյուր հեղինակի հետ երկխոսությունը հոգևոր իրադարձություն է: Ամեն գրքից հետո դու այլ ես, քան կաս մինչ այս կամ այն ստեղծագործությունն ընթերցելը»,-շեշտում է փոխնախարարը:

Ըստ Խզմալյանի՝ որքան էլ մենք թվային տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումների շրջանում ապրենք, տանը գիրք ունենալը չափազանց կարևոր է, որովհետև այդ գրքերն իրենց լռությամբ հիշեցնում են, թե ինչքան բան դեռ չես հասցրել կարդալ, իրենց ֆիզիկական գոյությամբ հիշեցնում են քո չիմացության մասին:

Խզմալյանի համոզմամբ՝ գիրքը խորհրդանիշ է լուսավոր աշխարհի, մտքի աշխարհի, բնազդների հաղթահարման: Այն քաղաքակիրթ մարդ լինելու գրավական է:

Անդրադառնալով այն հարցին, թե այսօր ինչ գրականության կարիք ունի հասարակությունը՝ Խզմալյանը նշում է՝ պետք է զգույշ մոտենալ պատերազմի թեմային, և հիմա հանրությունը մշակութային թերապիայի, կենսահաստատության, կենսուրախության ներարկման կարիք ունի: «Գուցե խուսափեմ թեթև գրականություն կարդալու կոչերից: Մենք իսկապես ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրս անհատապես պատասխանատու ենք ստեղծված իրավիճակի և այս ամենից դուրս գալու համար, ուստի խորհուրդ կտամ ընթերցել Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» աշխատությունը, որը հոգեբանական, փիլիսոփայական գործ է այն մասին, թե ինչ է ազատությունը, ինչու են մարդիկ խուսափում ազատությունից, ինչու է մարդն իրեն պաշտպանված զգում, երբ ստրուկի կարգավիճակում է, երբ ոչինչ չի որոշում, և որոշումներ կայացնում են իր փոխարեն ու պարտադրում են ապրել ըստ այդ ծրագրի»,-ասում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Գրքի տոնին պետք է շրջանառվի գիրքը, մարդիկ պետք է գիրք նվիրաբերեն, նվիրեն միմյանց, խոսեն գրականության խնդիրների, գրական գործընթացների, գրքի նշանակության մասին: «Կրթված հասարակությունում ամեն օրը պետք է լինի գրքի օր, որքան էլ առանձնացնենք փետրվարի 19-ը՝ հատուկ ընդգծելով գրքի կարևորությունը: Երբ ասում ենք գիրք, մենք խոսում ենք մտքի լուսավորման և կրթվածության մասին: Այսինքն, գրքի օրը պետք է պարզապես լինի մի հանգրվանը այն հսկայական ճանապարհի, որ անցնում է յուրաքանչյուր քաղաքակիրթ և կրթված մարդ: Կոչ եմ անում գրքի մեծարումը, գրքի հանդեպ հանրային վերաբերմունքը դարձնել ամենօրյա աշխատանք»,-եզրափակում է Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը