ՄՈՍԿՎԱ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիները Բելառուսի նախագահ
Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում են ամենից ավելի մեծ ժողովրդականություն
վայելող քաղաքական գործիչը ԱՊՀ-ի երկրների ղեկավարների շրջանում: Այդ մասին
ասված է տարածաշրջանային հետազոտությունների ու քաղաքական տեխնոլոգիաների
«Փորձագետների հանրակցությունե ազգային ինստիտուտի հաշվետվության մեջ, որը
նոյեմբերի 10-ին լրագրողներին է ներկայացվել Մոսկվայում:
Հետազոտության համաձայն, Ալեքսանդր Լուկաշենկոն վայելում է հարցված
ռուսաստանցիների 52 տոկոսի համակրանքը: Նրան հաջորդում է Ղազախստանի նախագահ
Նուրսուլթան Նազարբաեւը, որին նշել են ռուսաստանցիների 47 տոկոսը: Մեծ
տարբերությամբ /23 տոկոս/ երրորդ տեղում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր
Յուշչենկոն, իսկ 14 տոկոսով չորրորդ տեղում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
ԱՊՀ-ի երկրների մնացած ղեկավարները հավաքել են հարցման մասնակիցների ձայների
10 տոկոսից պակաս մասը:
Հետազոտությունը, որի նպատակն էր Համագործակցության երկրների նկատմամբ
Ռուսաստանի քաղաքացիների վերաբերմունքի բացահայտումը, անցկացվել է հոկտեմբեր
ամսին: Հարցախույզի մասնակիցները գնահատել են ԱՊՀ-ի երկրների սոցիալ-տնտեսական
դրությունը, ներքաղաքական իրավիճակը, Համագործակցության երկրների կողմից
Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը եւ ԱՊՀ-ի պետությունների
ղեկավարների ազդեցիկությունը:
Հարցումների ընթացքում նաեւ պարզվել է, որ ռուսաստանցիների
մեծամասնությունը առավել բարենպաստ են համարում իրենց հայրենակիցների ապրելը
Բելառուսում, երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում՝ Ուկրաինան: Ըստ
հաշվետվության հեղինակների, իրենց հետազոտությունը հաստատել է, որ ԽՍՀՄ-ի
փլուզումից հետո անցած տարիների ընթացքում ռուսաստանցիները չեն կորցրել
միասնական տնտեսական ու քաղաքական տարածության վերամիավորման ձգտումը: