ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գրողների միությունը հրաժարվել է հրատարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք, ըստ իրենց, ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ երկրների թվում են նաև Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը:
«Ուկրաինայի գրողների միությունը որոշում է ընդունել, որով դադարեցնելու է հրապարակել հրապարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: Այդ երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան և Սուդանը»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ բացառություն կկազմեն նշված երկրների մահացած դասականները, ինչպես նաև այն ժամանակակից գրողները, որոնք բացահայտ կսատարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կդատապարտեն Ռուսաստանի Դաշնության ագրեսիան: