Ղարաբաղյան հիմնահարց

Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

4 րոպեի ընթերցում

Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչով դիմել է հայ կանանց՝ նշելով, որ հայ կինն այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի և՛ իրեն, և՛ իր երեխային, և՛ իր հայրենիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տիկին Հակոբյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ անդրադառնալով իր կողմից ձեռնարկված «Կանայք հանուն խաղաղության» արշավին և պատերազմի առաջնագիծ մեկնելու համար իր կողմից կազմավորված «Էրատո» կանանց կամավորական ջոկատին:

«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը, ինչ-որ կանանց կողմից սուր քննադատության արժանացա։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի՝ ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,- ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարությունը. այն է՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել և պաշտպանել մեր հայրենիքը»,- գրել է Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նշել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի ուղերձն այն էր, որ կինն ու մայրը պետք է ստիպեն քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սևազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։

«Ընդ որում՝ կոչս ուղղում էի նաև ադրբեջանցի կանանց և մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։ Հիմա, երբ պատերազմ է, երբ մեր 18-20 տարեկան զինվորները, աշխարհազորայինները, կամավորները, սպաներն ու պայմանագրայինները իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, երբ թշնամին ուզում է նոր «1915 թվական», երբ մեր բանակը կռվում է միաժամանակ մի քանի պետության զինված ուժերի, վարձկանների ու տեռորիստների դեմ, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաև ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։ Եվ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են»,- նշել է Աննա Հակոբյանը:

Նա հավելել է, որ այժմ էլ նույն ընդդիմախոսները նշում են, թե հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։

«Սիրելի տիկնայք, կողմնորոշվե՛ք, խնդրում եմ։ Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։ Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլևս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։ Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի և՛ իրեն, և՛ իր երեխային, և՛ իր հայրենիքը։ Մենք ո՛չ հայրենիք և ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամուն զիջելու։ Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք, և դա բոլորիս պարտքն է»,- գրել է վարչապետի տիկինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում