Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին

2 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի մեծանուն վարպետներին: Արդեն իսկ հուլիսին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկե ծիրանի» կողմից ստեղծված աստղային պուրակում բացվել են Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի աստղերը, ի նշանավորումն վարպետների 95 և 85-ամյա հոբելյանների: Նոյեմբերի վերջին աստղային պուրակում կբացվեն նաև Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոբերտ Սահակյանցի աստղերը՝ ի նշանավորումն հայ կինոյի երախտավորների 100, 90, 75 և 70-ամյա հոբելյանների: Փառատոնը նոյեմբերին իր երախտիքի խոսքը կուղղի նաև կինոօպերատոր Լևոն Աթոյանցին և կինոռեժիսոր Սուրեն Բաբայանին՝ նրանց 90 և 70-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպելով հետահայաց ցուցադրություններ:

Այս տարի միջազգային հանրությունը նշում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում ընդգրկված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, դեռևս տարիներ առաջ աստղային պուրակում տեղադրելով Անրի Վեռնոյի աստղը, իր հարգանքի տուրքն է մատուցել մեծանուն վարպետին, և այս տարի էլ միանալով միջազգային հանրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող հարգանքի տուրքին՝ նոյեմբերին մեկ հետահայաց ցուցադրություն կնվիրի վարպետի հոբելյանին:

«Նվիրում Արցախին» խորագրով ցուցադրություններն իրականացվում են Կինոյի տանը (հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 18, մուտքը Խանջյան փողոցից): Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող մյուս ֆիլմերը կարող եք դիտել «Սինեմա Սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում