Քաղաքականություն

Մնացականյանն ու Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Մնացականյանն ու Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը նշել է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն ուղեկցվում է Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների` իրենց ծավալով և էությամբ պատերազմական հանցագործություններ հանդիսացող դիտավորյալ թիրախավորմամբ և միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։

Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որը արտահայտվում է թե' անմիջական ռազմական մասնակցությամբ և թե՛ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ այս հարցում ցուցաբերած միասնականությունը:

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնություններին և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում