Պաշտոնական

Հայաստանն ավելացնում է ռազմական ծախսերը. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ավելացնում է ռազմական ծախսերը. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ռազմական ծախսերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված նախագծում, որը կքննարկվի հոկտեմբերի 6-ի խորհրդարանի արտահերթ նիստում:

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

Նախագծում նշվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ մոտ 40 մլրդ դրամի չափով: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.

  1. 2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով) փոքր է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:
  2. Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 40 մլրդ դրամով մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:
  3. Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով) ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:

ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք մեկ այլ նածագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում