Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 31 նոր դեպք․ ապաքինվել է 72, մահացել 2 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, օգոստոսի 30-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ:

Վերջին 24 ժամում արվել է 490 թեստավորում (շաբաթ և կիրակի օրերով պայմանավորված՝ թեստեր քիչ են արվում), իսկ ընդհանուր առմամբ` 205 940 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 879 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:

Կառավարությունն օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский