Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ:

Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է Զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը` հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողական կերպով:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում