Տնտեսություն

Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահի հարցազրույցը

24 րոպեի ընթերցում

Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ունի մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և այդ փորձը, ինչպես նաև ողջ գործիքակազմն ու կարողությունները ծառայում են երկրի ֆինանսական կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով, որ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են ներկայի ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ երկրի վաղվա վերելքըկլինի վստահ ու հաստատուն:

-Հարգելի պարոն Գալստյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր ելույթներում նշել եք, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր երկու հիմնական նպատակների՝ գների կայունության ու ֆինանսական կայունության ապահովման հարցում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. հունիսին, 2019թ. հունիսի համեմատ, կազմել է 1,7%՝ նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։ Գների կայունության առումով թվերն ինքնին խոսուն են, իսկ ի՞նչ կասեք ֆինանսական կայունության մասով՝ հատկապես վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ վարկերը չեն կարողանում մարել, գործ չկա, կորոնավիրուսով պայմանավորված շատերը չեն աշխատում, շատ է հնչում վարկային արձակուրդ տրամադրելու քաղաքացիների և տարբեր խմբերի պահանջը, այս մասին ի՞նչ կասեք։

-Շնորհակալություն։ Նախ եկեք հասկանանք թե ինչ է այս պահի դրությամբ արդեն արվել: Վեջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանասական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն, ավելի ստույգ՝ շուրջ 980 հազար հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.3 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17.5 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագուն դրսևորումներից է: Ես կխուսափեմ վերամբարձ գնահատականներից և գուցե չկոչեմ սա փրկօղակ, բայց դա միանշանակ հստակ ու շոշափելի օգնություն էր բազմաթիվ ընտանիքների ու գործարարների համար: Մյուս կողմից եկեք չմոռանանք, որ բանկը միջնորդ է ավանդատուների և վարկառուների միջև:

Բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները ։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը: Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող տևել անվերջ:

-Թույլ տվեք, այնուամենայնիվ, նկատել, որ կան խնդիրներ և բողոքներ:

-Միանշանակ կան: Այդ խնդիրները բազմաբնույթ են և ունեն բազմապիսի ծագումնաբանություն: Եկեք հիմա հասկանանք այդ խնդիների առաջացման պատճառները և փորձենք գնահատել դրանց լուծման հնարավորությունները:

Նախ և առաջ պետք է ընդունենք, որ ցանկացած խնդրից խուսափելու համար առավել անհրաժեշտ նախապայմանը լիարժեք տեղեկացված լինելն է: Այստեղ Կենրոնական բանկն ունի թե ազդեցության լծակներ և թե գործելու անհրաժեշտ վճռականություն:

Լինելով ֆինանսական հատվածի կարգավորող և վերահսկող մարմին, ԿԲ-ը քաղաքացիների շահերի պաշտպանության համար ստեղծում և շարունակաբար կատարելագործում է թափանցիկ ու իրազեկ միջավայր: Մարդիկ ծառայություններից օգտվելիս պետք է լինեն տեղեկացված, իսկ իրենց որոշումներում պետք է ներառվի ամբողջ առկա տեղեկատվությունը: Այլ կերպ ասած, որոշում կայացնող վարկառուի համար չպետք է լինեն գաղտնիքներ, երկիմաստ դրույթներ և թյուրիմացություններ առաջացնող հղումներ: Այդ իսկ պատճառով ԿԲ կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանված են թափանցիկության և տեղեկատվության բացահայտման հստակ և չափազանց խիստ պահանջներ: Օրինակ, մինչև վարկային պայմանագիր կնքելը մարդուն, բացի բանավոր ներկայացվող տեղեկատվությունից, տրամադրվում է վարկի էական պայմանների վերաբերյալ շատ հակիրճ անհատական թերթիկ: Վերջինիս մեջ նշված պայմանները գործում են 10 օր, և քաղաքացին հնարավորություն ունի մտածելու, համեմատելու, նշված պայմանների շրջանակներում կրկին իր հնարավորությունները գնահատելու և ապա նոր այդ վարկը վերցնելու կամ գուցե հակառակը՝այդ վարկից հրաժարվելու: Բուն պայմանագրերի նկատմամբ ԿԲ կողմից սահմանված են բազմաթիվ պահանջներ՝ սկսած տառատեսակի չափից, վերջացրած կարևորագույն տեղեկությունները նշելու պահանջով: Դրանցից ամենակարևորն են փաստացի տոկոսադրույքը, անվանական տոկոսադրույքը, միջնորդավճարների չափը:

-Այդուհանդերձ անարդարություններ տեղի են ունենում։ Ի՞նչ անել այդ դեպքում։

-Այստեղ էլ Կենտրոնական բանկը հարթել է ճանապարհը և շարունակական ռեժիմով կատարելոգործում է մշակված մեխանիզմները: Մարդու նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, նրան գցել են մոլորության մեջ, մարդը կրել է ֆինանսական կորուստներ: ԿԲ-ը սահմանել է բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներսում բողոքների քննման մեխանզիմների նկատմամբ մանրամասն և հստակ պահանջներ: Ցանկացած բողոքի պարագայում քաղաքացին առաջին հեթրին պետք է դիմի իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությանը, որը պարտավոր է սահմանված ժամկետներում և ընթացակարգերով ուսումնասիրել դիմումը և պատասխանել քաղաքացուն: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետեւ հենց տվյալ կազմակերպությունն է այն առաջին օղակը, որն առկա բարձր մրցակցության պայմաններում հատկապես հակված է լուծելու հնարավոր վեճը, չէ՞ որ դա բխում է իր իսկ շահերից: Հաջորդ քայլը. այն պարագայում, երբ մարդուն չի բավարարում ֆինանսական կազմակերպության պատասխանը և առաջարկվող լուծումները, նա կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որն անվճար ու խելամիտ ժամկետներում կքննի բողոքը: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնադրվել է ԿԲ կողմից, ունի անկախ կառավարման մարմին և գործում է արդեն ավելի քան 10 տարի: Եվ հատկանշական է, որ այս ինստիտուտի որոշումների բացարձակ մեծամասնությունը կայացվում է հօգուտ հաճախորդների է: Անշուշտ այս մակարդակում ստացված պատասխանն ու լուծումը կրկին կարող են չընդունվել բողոքը ներկայացրած անձի կողմից: Եվ անշուշտ նա կարող է դիմել նաև ԿԲ-ին, որը ֆինանսական կազմակերպության կողմից իրական խախտումների հայտնաբերման դեպքում կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Նշված շղթան անցնելուց ու պատասխան չստանալուց հետո ԿԲ-ին դիմելը մենք անհրաժեշտաբար կդիտարկենք որպես շղթայում առկա անկատարություն: Եվ այսպիսով մեկ անձի կողմից Կենտրոնական բանկում հնչեցրած խնդրի լուծումը կարող է վերափոխվել նաև համակարգային լուծումների:

-Մեխանիզմը լիարժեք հասկանալի է, սակայն անգամ թափանցիկության, տեղեկացվածության, և գիտակից որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր մնացած պայմանների խստագույն պահպանպան դեպքում կրկին կարող են առաջանալ վարկային պարտավորությունների կատարման խնդիրներ:

-Այո, և սա խնդիրների այն խումբն է, որը կապված չէ ֆինանսական կազմակերպության կողմից թույլ տված խախտումների, մարդուն միտումնավոր կամ հընթացս մոլորության մեջ գցելու կամ հասանելի ինֆորմացիայի պակասի հետ: Այստեղ ֆինանսական կազմակերպությունը լիարժեք կատարել է իր վրա դրված պարտավորությունները, սակայն վարկառուն, ինչ-որ պահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի լինում կատարել իր վարկային պարտավորությունը։ Այս դեպքում արդեն Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային բանկը դա ինքնուրույն, շահույթ հետապնդող բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Նա իր ռիսկով տրամադրում է վարկեր ու անում է դա մեծապես ավանդատուներից հավաքագրված միջոցների հաշվին: Իսկ այդ միջոցների անխափան, կամայական պահին պահանջված վերադարձը քաղաքացուն, ինչպես նաև այդ միջոցների դիմաց հաշվարկված տոկոսների անվերապահ, անպատճառ ու ապահով վճարումը բանկի առաջնային պարտականությունն է: Շարժե՛ք <վարկ-ավանդ> կշեռքի մի նժարը, և կկործանեք ընդհանուր ֆինանսական ու հետևաբար նաև ընդհանուր տնտեսական հավասարակշռությունը:

-Իսկ որտե՞ղ է այդ դեպքում լուծումը:

-Մենք պետք է ընդունենք, որ առկա խնդիրը շատ ավելի ընդարձակ է, քան ԿԲ-ի կարգավորման դաշտը: Ի՞նչ անենք վատ վիճակում հայտնված մեր հայրենակիցների հետ, որոնք չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Նախ մեկ դիտարկում։ Մենք ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, մեկ անգամ տույժ-տուգանքները ներեցինք։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ վարկային համաներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն վիճակում։ Այսինքն այդ մարդիկ ունեն կա՛մ եկամտի, կա՛մ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Այսօր այդ խնդիրներին ավելացել է նաև համավարակի հետևանքով տնտեսության բազմաթիվ ճյուղերի հարկադրված պարապուրդը: Եվ լուծումն այստեղ հասարակական կոնսենսուսի դաշտում է։ Պետության կողմից բոլորիս հարկերի հաշվին կարող է ինչ-որ գումար նախատեսվել՝ որպես երաշխիքային ֆոնդ, նման իրավիճակներից դուրս գալու համար։ Միայնակ մայրն ունի երկու երեխա, հայտնվել է անելանելի իրավիճակում, և մենք որպես հասարակություն այդ կնոջը պետք է օգնության ձեռք մեկնենք, բայց դրա մեխանիզմն այն չի, որ նման մարդիկ չվճարեն ֆինանսական կազմակերպություններից վերցրած միջոցների դիմաց։ Իսկ հիմա տեսեք. այս կարգավորումն իրականացնելուց առաջ մենք պետք է որոշենք նաև՝ իսկ ի՞նչ ենք անում այն մարդկանց հետ, որոնք պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վարկային պարտավորությունները։ Այդ մարդիկ չպետք է ավելի վատ վիճակում հայտնվեն վճարելով, քան այն մարդիկ, ովքեր պարբերաբար վերցնում են այդ գումարները և չեն վճարում։ Այս խնդրում մենք, որպես հասարակություն, պետք է կոնսենսուսի գանք: Եվ այստեղ արդեն գնդակը քաղաքացիների՝այսինքն հարկատուների, դաշտում է, և ոչ Կենտրոնական բանկի ու ֆինանսական ինստիտուտների։

-Շատ ընդդիմախոսներ բարձրաձայնում են այն մասին, որ առևտրային բանկերը նախորդ տարիներին աշխատել են գերշահույթով և հիմա, այս դժվար ժամանակներում, կարող են ավելի պատասխանատու դիրք ընդունել ու ռիսկերը վերցնել իրենց վրա։

-Մենք դեռևս չենք կարող ողջ ծավալով գնահատել ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները: Սակայն ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա այստեղ տեղեկատվությունը լրիվ հասանելի է, իրավիճակն ավելի քան պարզ է, և պատկերը շատ հեռու է բանկերին մեղսագրվող գերշահույթ ստանալու մեղադրանքից: Բիզնեսի շահութաբերությունը գնահատող լայնորեն տարածված ցուցանիշն ըստ կապիտալի շահութաբերությունն է՝ ROE: 2019թ. բանկային համակարգի շահութաբերությունն ըստ կապիտալի կազմելէ 7.9%, իսկ վերջին 5 տարում միջին տարեկան ցուցանիշը 4.1% էր: Ակնհայտ է որ այս թվերը չեն կարող վկայել շահույթի ինչ որ գերբնական մակարդակի մասին:

Ասեմ ավելին: Ի տարբերություն բիզնեսների շատ ու շատ տեսակների, բանկերը, իրենց «ցանկությունից» անկախ, զուտ իրենց գործունեության առանձնահատկությունների բերումով, բոլոր երկրներում ու հասարակություններում մշտապես իրենց վրա են կրում տնտեսական անկումների, անորոշության ու տատանողականության հետևանքները: Տնտեսությունը միասնական օրգանիզմ է, և այն, ինչ կատարվում է տնտեսության մեկ ճյուղում, անհրաժեշտաբար վերաբերում է նրա հարակից ճյուղերին, սակայն բանկերի առանձնահատկությունն այն է, որ նրանց վերաբերում է ամեն ինչ: Բանկերն են այն անվտանգության բարձիկը, որը կլանում ու մեղմում է տնտեսության տարբեր ոլորտները խոցող շոկերը: Եվ բանկերն անում են դա իրենց, իրենց սեփականատերերի միջոցների հաշվին:

Ընդհանուր առմամբ ես համոզված եմ, որ բանկերի նկատմամբ չկշռադատված իսկ երբեմն անգամ չարացած պահանջները իրավիճակը բոլոր կողմերից չդիտարկելու արդյունք են: Իրավիճակի համապարփակ դիտարկումն ու ինքնուրույն վերլուծությունը միանշանակ տալիս են բոլոր հիմնական հարցերի պատասխանները և պաշտպանում են հասարակությանը իրար մեջ թշնամիներ որոնելու վտանգավոր ճանապահից:

-2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժաի ընթացքում, ինչպես նաև հիմա, զարգացած շատ երկրների կառավարություններ մեծածավալ դրամական միջոցներ տրամադրեցին թե բանկերին և թե տնտեսվարողներին: Չքննարկելով նման քայլի արդյունավետությունը, կցանկանայի հարցնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ հայրենի կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում և «օգնության ձեռք» չի մեկնում ֆինանսական հատվածին:

- Այո, ժամանակին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և կառավարությունը «փրկագնեցին» ֆինանսական հատվածը, քանի որ ցանկացած ֆինանսական անկայանություն, առավել ևս համակարգային, հղի է ընդհանուր տնտեսական համակարգը փլուզելու վտանգով: Սակայն հասարակությունը դժգոհ մնաց: Հասարակությունը համոզված էր, որ պետք էր միջոցներն ուղղել իրական, և ոչ ֆինանսական հատվածի առողջացմանը: Հարկատուները դժգոհ էին, որ իրենց միջոցների հաշվին կառավարությունն օգնեց ֆինանսական հատվածին: Եվ, այդ համատեքստում՝ անդրադառնալով մեր իրավիճակին, առանց դրական կամ բացասական գնահատական տալու, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր կառավարության կողմից որևէ ֆինանսական կազմակերպությանը հարկատուների հաշվին օժանդակություն չի տրամադրվել: Ֆինանսական կազմակերպությունները ճգնաժամերը հաղթահարել են ինքնուրույն՝ իրենց սեփականատետերի միջոցների հաշվին։

-Դուք շատ լավ տեղյակ եք, որ քաղաքացիների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի անհիմն բարձր տոկոսներով: Ինչո՞վ է պայմանավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսների այսպիսի մեծ տարբերությունը:

- Վարկային կազմակերպությունների տոկոսները բարձր են, որովհետև նրանք վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր: Սակայն այդ մարդիկ ունեն վարկավորման անհրաժեշտություն: Եվ այդ անհրաժեշտությունը երբեմն իսկապես անհետաձգելի է ու կենսականորեն կարևոր: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Վարկառուին ինչ-որ պահի ինչ-որ խնդիր լուծելու համար շատ կարճ ժամանակով անհրաժեշտ է օրինակ 40 հազար դրամ: Նա ստանում է այդ գումարը վարկային կազմակերպությունից, երկու շաբաթվա կտրվածքով հազար դրամ վճարում է որպես տոկոսավճար, և ևս հազար դրամ կազմում են սպասարկման վճարները: Ընդհանուր առմամբ, 2 հազար դրամ։ Այս վճարումը տարեկան տոկոսադրույքի վերածելու պարագայում ստանում ենք ավելի քան 100 տոկոս։ Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք թե որն է դրա այլընտրանքը: Մարդը ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք գոյություն չունեն վարկային կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը ավելի քան պարզ է՝ մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․ կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ սպանելու են։ Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե տեղեկացվում է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում դա։

Անշուշտ մենք այստեղ դեռ շատ անելիք ունենք, և կուզենայի նշել, որ հիմա Կենտրոնական բանկում պատրաստում ենք նորմատիվներ, որոնք մարդու փաստացի եկամուտը կկապեն տրամադրվող վարկի մեծության հետ, որպեսզի ապագայում հնարավոր լինի որոշ չափով խուսափել անելանելի իրավիճակներում հայտնվելու վտանգից:

Ժամանակին, եթե հիշում եք, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել: Կենտրոնական բանկը վերջին երկու տասնամյակների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել, և այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, իսկ վարկ վերցնելը շատ ավելի պարզ ու կանոնակարգված գործողություն է: Եվ ահա այսօր մենք արդեն բախվում հակառակ երևույթին, երբ ակնհայտ է դառնում որ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ: Այս խնդիրների լուծումն էլ փորձում ենք գտնել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ:

-Պարոն Գալստյան, և վերջին հարցը։ Արդեն փաստ է, որ COVID19-ը փոխեց ողջ աշխարհը, և այն առաջվանը այլևս չի լինելու: Կանխատեսումներ անելը գիտենք, որ անշնորհակալ գործ է, բայց ընթերցողը կզարմանար, եթե մենք այդ հարցը չուղղեինք Կենտրոնական բանկի նախագահին. ի՞նչ սպասել ապագայից:

-Փորձեմ Ձեր հարցին պատասխանել նախ ընթացիկ իրավիճակի և հետո նաև ավելի երկարաժամկետ դիտանկյունից:

Նախ խոսենք այս պահին ձևավորված ու մոտ ապագայում սպասվող իրավիճակի մասին: Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում համավարակն, իհարկե, բազմաթիվ խնդիրներ առաջացրեց քաղաքականության մշակման և իրականացման առումներով: Այդ խնդիրները դեռ երկար ժամանակ ուղեկցելու են բոլորիս, և անշուշտ պետք չէ ակնկալել, որ առկա ռիսկերը հանկարծակի ու անհետևանք կվերանան: Սակայն այս պահին արձանագրված բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները վկայությունն են այն բանի, որ առկա ռիսկերը կառավարելի են, իսկ կիրառվող գործիքակազմն՝ արդյունավետ:

Սեպտեմբերին մենք կներկայացնենք նաև դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի մեր ծրագիրը, և կճշգրտենք ներկայիս 4% տարեկան տնտեսական անկման մեր գործող կանխատեսումները: Եվ այստեղ, անշուշտ, վճռորոշ դեր կունենա Հայաստանում և ամբողջ աշխարհում համավարակի հետագա վարքագիծը:

Երկարաժամկետ տեսակետից՝ համաշխարհային տնտեսության ապագա զարգացումներին վերաբերող անորոշություններն ավելի տարաբնույթ են:Հիմնարար հարցերից մեկն այն է, թե համավարակն ինչ երկարաժամկետ սպիներ կթողնի համաշխարհային և մեր տնտեսության վրա։ Արդյո՞ք հեռավար կրթությունը կունենա երկարաժամկետ բացասական հետևանքներ մարդկային կապիտալի վրա, քանի որ փոքր տարիքի երեխաների համար կրթության այս տարբերակը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Այն, ինչ այժմ հեշտացնում է մեծերի կրթության հնարավորությունները, փոքրիկների դեպքում կարող է սոցիալիզացիայի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Հաջորդը՝ արդյո՞ք համավարակը կարագացնի ավտոմատացման գործընթացն աշխարհում, ինչն իր հերթին, ինչպես արդեն ականատես ենք եղել կբերի եկամուտների անհավասարության էլ ավելի խորացմանը: Արդյո՞ք համավարակի արդյունքում գլոբալիզացիան կնահանջի և համաշխարհային առևտուրը և արտադրական ցանցերն իրենց տեղը կզիջեն լոկալ միավորներին:

Այս հարցերի պատասխաններն այսօր ցավոք ոչ ոք տալ չի կարող։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային տնտեսությունն անցնում ու դեռ անցնելու է բազմաթիվ փորձությունների միջով: Ներկայիս ճգնաժամի հիմքում ընկած է մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը, և այդ հանգամանքն անխուսափելիորեն մեծացնում է առկա անորոշությունը: Մյուս կողմից կյանքը մշտապես վերելքների ու անկումների, ցնցումների ու լճացումների, տարաբնույթ փորձությունների, մարտահրավերների և այդ ամենից քաղած դասերի հաջորդականություն է:

Այսօր մենք արդեն ունենք մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, ունենք բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և մեր այդ փորձը, ինչպես նաև մեր ողջ գործիքակազմն ու կարողություններն այսօր ծառայում են մեր երկրի ֆինանսական կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Եվ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են այսօրվա ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ մեր վաղվա վերելքըկլինի վստահ ու հաստատուն:

-Շնորհակակություն հարցազրույցի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում