Վարչապետին ներկայացվել է ՏԿԵ նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում 2019թ. իրականացվել է 43 ծրագիր, մինչև այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, ևս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչև 2023 թվականը:

Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները. 15 միավորված համայնքում ներդրվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր, 9-ում՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ): Ընթացքի մեջ են ևս 9 միավորված համայնքում ՔՍԳ հիմնման աշխատանքները, ակնկալվում է մինչև տարեվերջ ունենալ 49 ՔՍԳ: Գրասենյակների կողմից քաղաքացիներին մատուցվում է պետական մարմինների ավելի քան 60 ծառայություն:

2019թ. հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 17,465 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` 9,597 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են համայնքային տարբեր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղություններով: 2020թ. հաստատվել է 170 սուբվենցիոն ծրագիր՝ 6,795 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 3,561 մլրդ դրամ պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Տարածքային համաչափ զարգացման նպատակով ՀՀ մարզերում իրականացվել է առաջնահերթ լուծում պահանջող 210 ծրագիր, որից արդեն ավարտվել է 191-ը, մնացածն ընթացքի մեջ են:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 8 դպրոցում կատարվել են 4.11 մլրդ դրամին համարժեք շինաշխատանքներ, ներկայում ընթացքի մեջ են 7 դպրոցի կառուցման աշխատանքները, 2020թ. նախատեսվում է հայտարարել 15 դպրոցի շինարարական մրցույթները: Շարունակվել են Վեդիի և Կապսի ջրամբարների և ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը:

Անդրադառնալով ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ պետբյուջեի հատկացումներով հիմնանորոգվել է 150,4 կմ ճանապարհ, կատարվել են 131,5 կմ միջպետական ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ 2020թ. նախատեսված են 2444 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման և մոտ 80 կմ միջին նորոգման աշխատանքներ։ Շարունակվել են վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով նախատեսված աշխատանքները՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի, «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ավարտին է հասցվել Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծումը:

Նախարարի խոսքով՝ 2019-ը ակտիվ տարի է եղել տրանսպորտի ոլորտի համար, իրականացվել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ, աճել է բեռնա- և ուղևորափոխադրումների ծավալը: Առաջընթաց է արձանագրվել երկաթուղային տրանսպորտի բնագավառում. «Հարավկովկասյան երկաթուղի» կողմից իրականացվել է շարժակազմի արդիականացում՝ 1 նոր էլեկտրագնացքի և 40 նոր կիսավագոնների համալրմամբ, բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների գնային և չվացուցակային քաղաքականությունը:

Ընդերքօգտագործման բնագավառում՝ կատարվել են իրավական դաշտի բարելավման, երկրաբանական տեղեկատվության կառավարման համակարգի ներդրման, իրական սեփականատերերի հայտարարագրման ռեգիստրի մշակման և այլ աշխատանքներ: Պայմանագրային պարտավորությունների ուսումնասիրության արդյունքում՝ ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում, վճարվել է 695 մլն դրամ ապառք, կատարվել է 11 ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում, որից 4-ը՝ մետաղական: Տրամադրվել է արդյունահանման՝ 17, ուսումնասիրության՝ 16 թույլտվություն, մերժվել է 32 հայտ:

Էներգետիկ ենթակառուցվածքների առումով՝ 2019թ. վերակառուցվել են մի շարք ենթակայաններ, 2020թ. նախատեսվում է, սեփական միջոցների հաշվին, իրականացնել Գեղարքունիքի մարզի «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ: Արևային և ատոմային էներգետիկայի ոլորտում կատարվել են հզորությունների զարգացման աշխատանքներ, շարունակվել է Հայաստան-Իրան 400 կՎ և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերի իրականացումը:

Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Փաշինյանը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել է ոլորտային՝ տարածքային զարգացման, հանքարդյունաբերության, աղբահանության, էներգետիկայի, ջրային համակարգի, աղբահանության, պետական գույքի կառավարման ռազմավարությունների ընթացքով: Ս. Պապիկյանը զեկուցել է, որ ռազմավարությունների մի մասի մշակման աշխատանքներն ավարտվել են, փաստաթղթերը ներկայացվել են քննարկման, մյուսները կներկայացվեն սահմանաված ժամանակացույցին համաձայն:

Վարչապետ Փաշինյանին նաև մանրամասներ են ներկայացվել համայնքների խոշորացման գործընթացի, կանոնավոր ուղևորափոխադրումների տրանսպորտային արդյունավետ ցանցի ձևավորման, ճանապարհային ծածկույթի պահպանման նպատակով բեռնափոխադրումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ աշխատանքների, 2020թ. սուբվենցիոն ծրագրերի, տեղական հարկերի և տուրքերի վճարման համակարգի ընդլայնման, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տարեկան ազգային զեկույցի կազմման, ինչպես նաև հաշվետու տարում նախատեսված այլ միջոցառումների կատարողականի/ուշացումների վերաբերյալ:

Ամփոփելով վարչապետը նշել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման տիրույթը բավական ընդգրկուն է և ներառում է առաջնահերթություն ներկայացնող ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հաշվետու տարում մի շարք ուղղություններով գերատեսչության արձանագրած արդյունքներն ակնառու են, բայց և միաժամանակ պետք է ապահովել կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի պահպանումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է աշխատանքների հնարավորինս ճշգրիտ պլանավորման կարևորությունը և հանձնարարել աշխատակազմին՝ առավել հետևողական լինել այս հարցում:

Վարչապետ Փաշինյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել ոլորտային ռազմավարությունների մշակման ու քննարկման աշխատանքները և ներկայացնել հաստատման:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը