Մարուքյանի կարծիքով՝ միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ. «Լուսավոր Հայաստանը» լքեց դահլիճը
2 րոպեի ընթերցում
![Մարուքյանի կարծիքով՝ միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ. «Լուսավոր Հայաստանը» լքեց դահլիճը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014709.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Էդմոն Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ընդմիջումից հետո վերսկսված նիստում իր ելույթում:
«Միջադեպից անցել է արդեն 3 ժամ և ավելի, սակայն մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական, քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել: Բայց ասելիքս հետևյալն է՝ ինչ եղել է, քաղաքական է, և պետք է ունենա քաղաքական գնահատական: Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա քաղաքական գնահատական: Եվ մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»,-ասաց Մարուքյանը:
Նա շեշտեց՝ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ:
Մարուքյանը հայտնեց, որ խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը, և ապագայում կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից ՝ կանի եզրահանգումներ, կորոշակիցնի իր անելիքները և կհասկանա, թե ապագայում ինչպես է աշխատելու այս խորհրդարանում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս ելույթից հետո լքեցին նիստերի դահլիճը:
Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:
Աննա Գրիգորյան