Քաղաքականություն

Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրա մասնակցությամբ լսումների տեսագրությունը  

2 րոպեի ընթերցում

Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրա մասնակցությամբ լսումների տեսագրությունը  

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի՝Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կտրամադրի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին նրա մասնակցությամբ կայանալիք լսումների տեսագրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարածած հաղորդագրությունից։

«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին կայանալիք նիստի ձեր մասնակցությամբ հատվածի տեսագրությունը կտրամադրվի ձեզ»,- մասնավորապես նշված է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանում։

Ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել էր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։

Գրասենյակը խնդրել էր պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում է, թե ոչ և տեղեկացրել, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում քննիչ հանձնաժողով այցելել` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել էր, որ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել։ Վարչապետի կարծիքով՝ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում