Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել ադրբեջանցի օպերային երգչի հայատյացության հարցով

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել ադրբեջանցի օպերային երգչի հայատյացության հարցով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին այն կապակցությամբ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին Դրեզդենում հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի տիկին Բուդդե, Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ:

Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:

Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում