Չինարենի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում ավելանում է. Մայր բուհը զարգացնում է չինագիտությունը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինարեն, չինական մշակույթ ու պատմություն ուսումնասիրող հայ ուսանողներ, Չինաստանում պրակտիկաներ, դասախոսների փոխայցեր. մայր բուհը մեծապես հետաքրքրված է Հայաստանում չինագիտության զարգացմամբ: Այս մասին են վկայում Երևանի պետական համալսարանում գործող արդեն երկու՝ Չինարեն լեզվի և մշակույթի ու Չինագիտության կենտրոնները: Ուսանողների՝ չինարենի իմացության մակարդակն այնքան բարձր է, որ նրանցից մեկին հաջողվել է ազատ տիրապետել լեզվին, անգամ դասավանդել, երեկոյան դասընթացներում: Չինագիտության զարգացման մասին «Արմենպրես»-ը ներկայացնում է զրույց ԵՊՀ-ի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանի ու երեկոյան դասընթացավար Օֆելյա Զաքարյանի հետ:

«Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը մշտապես մեծ հետաքրքրություն է ունեցել համալսարանում չինարենի դասավանդման և չինագիտության զարգացման ուղղությամբ: Արդեն 2015-ին միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվել է Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն, որը ղեկավարում եմ ինքս: Սակայն միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չինարենը որպես երկրորդ լեզու դասավանդել սկսել ենք դեռ 2014-ից: Ուսանողներն անցնում են 3 տարի՝ 1-3-րդ կուրսերում»,-պատմեց Իսրայելյանը:

Ֆակուլտետի ուսանողներն առաջին կուրսում անցնում են չինարեն, երկրորդ ու երրորդ կուրսերից սովորում են մասնագիտական հաղորդակցման հիմունքներ, խոսքի մշակույթ: Ուսանողները չեն բավարարվում միայն լեզուն սերտելով, սովորում են, թե ինչպես ճիշտ կազմել դիվանագիտական նոտա, յուրացնում դիվանագիտական, քաղաքական բառապաշար: Իսրայելյանը նշեց՝ նրանց պատրաստում են որպես ապագա դիվանագետներ: Չորրորդ կուրսում արդեն ուսանողներն անցնում են նաև երկրագիտություն, որը պատմում է Չինաստանի կառավարման համակարգի, արտաքին և ներքին քաղաքականության, աշխարհում Չինաստանի դերի, տնտեսության և այլնի մասին:

Սակայն չինագիտությունը զարգացնել փորձող մայր բուհը չի բավարարվել միայն մեկ կենտրոնով. արդեն 2018-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ բացվել է Չինագիտության կենտրոնը: Կենտրոնի դեռ կարճ գործունեության ընթացքում, արդեն հասցրել են անցկացնել 3 գիտաժողով։ Չինագիտության կենտրոնում տեղի են ունենում հետաքրքիր քննարկումներ, հայ և չինացի դասախոսների փոխայցեր: Փոխադարձ այցով դեկտեմբերի 10-13-ը Պեկինում են եղել նաև հայ դասախոսները:

Եվ որ ամենակարևորն է՝ ԵՊՀ ուսանողներին չինարեն դասավանդում է հենց լեզվակիր դասախոս։ Բուհը Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ ունի համագործակցության պայմանագիր, որի շրջանակում ամեն 2 տարին մեկ չինացի մեկ դասախոս են ուղարկում բուհ: Իսրայելյանը նշեց՝ 2015-ից ի վեր ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ ու հաղթանակներ: Ուսանողներն այնքան են հմտացել լեզվի իմացության հարցում, որ արդեն կարողանում են մասնակցել ասմունքի միջազգային մրցույթի: «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի շրջանակում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից մեկը, հաղթահարելով հայաստանյան փուլը, Չինաստանում եզրափակիչ փուլում արժանացել է 2-րդ պատվավոր տեղին:

«Առաջին անգամ անցյալ տարի դրամաշնորհային միջոցների հաշվին ԵՊՀ մշակույթի կենտրոնում մենք անցկացրինք նաև ֆիլմերի հնչյունավորման մրցույթ: Նման ձևաչափով մրցույթ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունենում: Ֆիլմը կամ մուլտֆիլմը ցուցադրվում էր համր, և ուսանողները, նայելով էկրանին, չինարենով հնչյունավորում էին ֆիլմը»,-ասաց Իսրայելյանն ու հավելեց՝ ԵՊՀ միջազգայի հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները կրկին արժանացել են երկրորդ հորիզոնականին:

ԵՊՀ-ում գործում են նաև չինարենի՝ երեկոյան վճարովի դասընթացներ ցանկացողների համար: Դասընթացների արդյունքում մասնակիցները ստանում են գիտելիքի այն բազան, որով կարող են քննություն հանձնել ու հետագայում դիմել չինական բուհեր սովորելու: Ներկայում ԵՊՀ-ում չինարենի երեկոյան դասընթացներ է անցնում 20 մասնակից: Երեկոյան դասընթացները վարում է արդեն ֆակուլտետի շրջանավարտ Օֆելյա Զաքարյանը, որը երկու անգամ կարճաժամկետ պրակտիկա է անցել Չինաստանում:

Օֆելյան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ է ընդունվել չինարենից զրոյական գիտելիքներով, առաջին կուրսից իր ընտրությամբ սկսել է անցնել չինարեն, 4 տարիների ընթացքում կարողացել է լեզուն այնքան յուրացնել, որ հիմա արդեն ազատ հաղորդակցվում է, Չինաստանում ունի ընկերներ, որոնց հետ մշտական կապի մեջ է: Նա խոստովանում է՝ թեև սկզբում դժվար է թվացել չինարեն սովորելը, սակայն լեզվակիր դասախոսից յուրացնելը շատ հեշտ է եղել: Օֆելյան հասկացել է, որ լեզուն շատ հետաքրքիր ու հեռանկարային է, նշում է՝ անգամ հիերոգլիֆներն արտացոլում են Չինաստանի մշակույթը, պատմությունը: «Ուսանողների առաջադիմությունն ու լեզվի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է: Դիմորդները շատ են, ժամանակի ընթացքում նրանց քանակն ու հետաքրքրությունն ավելացել են»,-ասաց նա:

Օֆելյան չինարենի նկատմամբ հետաքրքրության նման բարձր մակարդակը կապում է նաև նրա հետ, որ Հայաստանում չինական խոհանոցի սիրահարները շատացել են, բացի այդ Հայաստան-Չինաստան հարաբերություններն էլ ավելի մեծ ու նոր հեռանկար են ստացել: Դասընթացները չեն սահմանափակվում միայն լեզվի ուսուցմամբ, զուգահեռ կազմակերպում են նաև մշակութային միջոցառումներ՝ չինացի մասնագետի կողմից անցկացված կալիգրաֆիայի դաս, չինական խոհանոցին նվիրված դաս: Իրականցվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց շրջանակում հնարավորություն է տրվել մասնակիցներին ծանոթանալ չինական մշակույթին, պատմությանը: Օֆելյան նկատել է՝ դասընթացին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից, կան մարդիկ, նաև շրջանավարտներ, ովքեր արդեն աշխատում են:

ԵՊՀ-ում, սակայն, մտադրություն ունեն հաջորդ ուսումնական տարում կյանքի կոչել չինագիտություն մասնագիտության մագիստրատուրան: Իսրայելյանը նշեց՝ մագիստրոսական ծրագիրը հնարավոր է լինի միջֆակուլտետային կամ մեկ ֆակուլտետում: «Արևելագիտության ֆակուլտետում ունենք մասնագետներ, որոնք զբաղվում են Իրանով, Թուրքիայով, չինացի մեր գործընկերների համար շատ հետաքրքիր կլինի իրենց մոտ հրավիրել հայ մասնագետների, որոնք կանցկացնեն դասախոսություններ՝ օրինակ Իրան-Չինաստան հարաբերությունների թեմայով: Այսինքն՝ իրանագետը մագիստրատուրայում կզբաղվի նաև Չինաստանով»,-ասաց Իսրայելյանն ու նշեց՝ բազմաթիվ են հրավերները՝ Չինաստան ուղարկելու Հարավային Կովկասով զբաղվող հայ մասնագետների, որոնք որոշակի պատկերացում ունեն նաև Չինաստանի մասին:

Խոսելով բուհում չինագիտության զարգացման նպատակի մասին՝ Իսրայելյանը նշեց՝ երկու ժողովուրդներն ունեն նմանություններ, բացի այդ նաև չինացիները տարածաշրջանում Հայաստանին համարում են հուսալի գործընկեր: «Մեր ներգրավվածությունն, իհարկե, կա «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, սակայն ես կցանկանայի, որ դա ավելի ակտիվ լիներ»,-ասաց նա:

Բուհի ուսանողները հնարավորություն ունեն նաև ամառային դպրոցի շրջանակներում 15 օր անցկացնել Չինաստանում: Արդեն նախապատրաստվում է ուսանողների երրորդ այցը: ԵՊՀ-ից արդեն երկու ուսանող Չինաստանում սովորում է մագիստրատուրա՝ միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն մասնագիտությամբ:

ԵՊՀ-ն դեռ 2017-ից պայմանագրեր ունի նաև Չինաստանի բուհերի հետ: Առաջին պայմանագիրը կնքվել է Շանհայի մանկավարժական համալսարանի հետ, երկրորդը՝ Դալյանի օտար լեզուների համալսարանի: Իսրայելյանը շեշտեց նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ բարեկամական կապը: Դեսպան Թիան Էրլունը հենց կենտրոնի բացման առաջին օրվանից թե ղեկավարության հետ հանդիպումներում, թե ֆակուլտետում հանդիպումներում իր աջակցությունն է հայտնում: «Մեզ օգնել են նաև կենտրոնի կահավորման աշխատանքների հետ կապված, նվիրել են էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, տրամադրում են մասնագիտական գրադարան: Ամեն տարի Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով մեզ գրքեր են ուղարկում, բազան մշտապես թարմացվում է: Գրականությունն ամբողջը չինարեն ու ռուսերեն է: Երկրագիտություն առարկայի գրականության խնդիր ընդհանրապես չունենք, հասանելի են բոլոր նյութերը»,-եզրափակեց Իսրայելյանը:

Աննա Գրիգորյան

Զրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում