Մասնագետները ոչ միանշանակ են ընդունում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները կարծում են, որ հասարակական կազմակերպությունների կողմից քննարկման դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծի հանրային պահանջարկ չկա, իսկ հեռուստատեսությունը և ռադիոն նոր օրինագծի պահանջով իշխանություններին չեն դիմել:
Օրենսդիրներն առաջարկված օրինագիծը լավագույն տարբերակը չեն համարում և կարծում են, որ դրա 80 տոկոսը կարող է փոփոխության ենթարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին կողմերը խոսեցին դեկտեմբերի 10-ին օրինագծի սկզբունքների մասին քննարկմանը:
«Այն, որ օրինագծի փոփոխության հանրային պահանջ չկա, մի փոքր չափազանցված է, որովհետև շահառուներն, ըստ էության, ոչ միայն հեռուստատեսություններն են և վերգետնյա հեռարձակման ռադիոընկերությունները, այլև ցանցային օպերատորները, աուդիովիզուալ ծառայություն մատուցող բազմաթիվ ընկերություններն ու հեռուստադիտողները: Մենք թևակոխել ենք աուդիովիզուալ ծառայությունների մատուցման նոր իրականություն, որտեղ կա ներկայացված պահանջների և վերահսկողության մեխաներիզմների որոշակի անհամաչափություն»,- նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Պատգամավորի պատկերացմամբ` ազատ ժողովրդավարական երկրում հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները կարող են և պետք է լինեն շահույթ հետապնդող կազմակերպություններ, որոնք պետք է հարկեր վճարեն` մեծացնելով բյուջեն, ինչը պետք է կարգավորված լինի օրենքով:
«Հունվարին օրինագծի հետ կապված մեծ լսումներ կիրականացնենք` հրավիրելով բոլոր շահագրգիրռ կողմերին»,-նշեց նա:
Թևոսյանը հավելեց, թե հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություը, որն անվանվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, չի ընդգրկում այս ժամանակի ամբողջական խնդիրների սպեկտրը, և հնարավոր է, որ այն փոփոխվի:
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ օրինագիծն առհասարակ չպետք է մտնի Ազգային ժողով:
«Այդ առաջարկները ներկայացվել են որոշ կազմակերպությունների: Նախքան այն կազմելը նախաձեռնողները որևէ ուսումնասիրություն չեն կատարել հեռուստատեսություններում կամ ռադիոընկերություններում, որպեսզի հասկանան իրական խնդիրները, մարտահրավերները: Որքան էլ ոլորտը կարգավորման անհրաժեշտություն ունի, այնուամենայնիվ, մամուլի ոլորտում որևէ փոփոխություն կամ առաջարկ չի կարող դրվել քննարկման առանց դաշտի ներկայացուցիչների առաջարկներն ու տեսակետները լսելու»,-շեշտեց Սեյրանյանը:
Հասարակական կազմակերպությունների կողմից մշակվել և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանին է ներկայացվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծ, որը Թևոսյանը քննարկման նպատակով ուղարկել է ոլորտի ներկայացուցիչներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում