«Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են. Մանկական գրականություն. մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Երկրորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Չորրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» հինգերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…
Յոթերորդ հորիզոնականում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Ութերորդ հորիզոնականում է «Կախարդական զամբյուղը» գիրքը: Գրքում զետեղված են աշխարհի ժողովուրդների համով-հոտով հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ընկղմվել կախարդական հեքիաթների աշխարհում, այլ նաև դառնալ գրքի հերոսը:
Իններորդ հորիզոնականում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...
Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +9 |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 36 | |
2 | +3 | «Հայկական հեքիաթներ» | GSM | 33 | |
3 | +1 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 31 | |
4 | -2 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
GSM | 28 | |
5 | -2 |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 25 | |
6 | * |
Դեյվիդ Լիչֆիլդ «Արջը և դաշնամուրը» |
Զանգակ | 21 | |
7 | 0 |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» |
Զանգակ | 20 | |
8 | * | «Կախարդական զամբյուղը» | Արևիկ | 13 | |
9 | * | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 12 | |
10 | -4 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 12 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում