Հասարակական

Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է

3 րոպեի ընթերցում

 Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Այդ օրը շրջանավարտները հանձնելու են քննություն աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն առարկաներից: Հունիսի 7-ին նախատեսված է քննություն հայոց լեզու և գրականություն, հունիսի 11-ին՝ ֆիզիկա, հունիսի 14-ին՝ օտար լեզուներ, հունիսի 18-ին՝ մաթեմատիկա, հունիսի 21-ին հայոց պատմություն, քիմիա, և հունիսի 25-ին՝ ռուսաց լեզու առարկաներից: ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:

«Այս տարի ունենք 22 հազար շրջանավարտ, ինչը նույն ցուցանիշն է 2017 թվականի համեմատ: Պետք է նշեմ, որ դիմորդների թիվն է ավելացել, այս տարի Արցախի հետ միասին կազմել է 10 հազար 500 դիմորդ: Պետական առաջատար բուհեր այս տարի ավելի շատ մարդ է դիմել, դա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ քննություն տալու առարկաների թիվն է նվազել: Եթե տարիներ առաջ, օրինակ, բնագիտական ուղղությամբ բուհ ընդունվելու համար հանձնում էին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն, ապա հիմա կարելի է հանձնել մեկ առարկա, մնացածի դեպքում գնահատականները բերում են դպրոցից»,-ասաց Կարո Նասիբյանը:

Ամենից շատ քննություն հանձնողները հայոց լեզու և գրականություն առարկայից են՝ 5 հազար 569 շրջանավարտ: Երկրորդ տեղում անգլերեն առարկան է՝ քննություն հանձնելու է 4 հազար 760 անձ, եռյակը եզրափակում է մաթեմատիկան՝ 4 հազար 727 հոգի: Մեկ շրջանավարտ հանձնելու է իտալերեն, 3-ը՝ պարսկերեն, 4-ը՝ իսպաներեն: Հայոց պատմություն հայտագրել է 1449, իսկ համաշխարհային պատմություն՝ 45 հոգի:

«Երևանում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ ավելի շատ քննություն հանձնելու են անգլերենից: Օտար լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Դրան հակառակ զգալի նվազել է համաշխարհային պատմություն առարկայի նկատմամբ հետաքրքրությունը: Մայրաքաղաքում այս առարկան հայտագրել է ընդամենը 1 հոգի»,-ասաց Կարո Նասիբյան:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հորդորում է դիմորդներին ու ծնողներին զարտուղի ճանապարհների չդիմել: Հեռախոս հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմորդը հեռացվելու է քննական սենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում