Լիլիթ Հովհաննիսյանի համաշխարհային շրջագայությունն ինքնատիպ համերգով մեկնարկեց Երևանից
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երևանյան առաջին մենահամերգին լեփ-լեցուն դահլիճում կատարեց ստեղծագործություններ իր երգացանկից, հնչեցրեց ազգային-ռազմահայրենասիրական, ժողովրդական երգեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Dream world tour խորագրով համերգների շրջանակում նախատեսված առաջին մենահամերգն անցկացվեց մարտի 9-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երեկոյի մեկնարկին երգչուհին խոստովանեց, որ երկար է սպասել այդ օրվան: «Մենահամերգներ եմ ունեցել աշխարհի բոլոր քաղաքներում, բացի Երևանից: Վախենում էի ձեզ հիասթափեցնել: Այս համերգին շատ եմ սպասել, շատ եմ պատրաստվել: Ուզում եմ, որ միասին կայացնենք այն»,- ոգևորված նշեց երգչուհին:
Լիլիթ Հովհաննիսյանի հետ հատուկ համարներով ելույթ ունեցան Արման Հովհաննիսյանը, Կամիլը, Նանուլիկը: Բոլոր ելույթներն ուղեկցվում էին լուսային էֆեկտներով և հետաքրքիր սլայդ-շոուով, անիմացիաներով: Ներկայացվեց նաև հոլովակ, թե ինչպես է արտիստը պատրաստվել համաշխարհային շրջագայությանը: Համերգը հարուստ էր պարային գեղեցիկ կատարումներով: Բեմում շոու-ծրագրին մասնակցողների թիվն անցնում էր մի քանի հարյուրը, ինչն աննախադեպ է հայաստանյան շոու-բիզնեսում: Հատուկ այս մենահամերգի համար ստեղծվել էր մեծամասշտաբ բեմ:
Երեկոյին Լիլիթ Հովհաննիսյանն ինտերակտիվ շփվում էր երկրպագուների հետ, անկեղծանում ու իր սիրտը բացում նրանց առջև, իսկ ներկաներն էլ երգում ու պարում էին սիրելի երգչուհու հետ: Արտիստը շատ հուզված և շոյված էր երաժշտասերների ջերմ վերաբերմունքից:
Լիլիթ Հովհաննիսյանը համերգին ներկայացավ իրեն բնորոշ յուրահատուկ և էքսկլյուզիվ բեմական հագուստներով: Լիլիթը զբաղվել է իր և մասնակից բոլոր արտիստների հագուստների դիզայնով:
Երգչուհու Dream world tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում: Dream world tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում