Տարածաշրջանային

Թուրքական ոստիկանությունը հազարից ավելի գյուլենականների ձերբակալության որոշում է կայացրել

2 րոպեի ընթերցում

Թուրքական ոստիկանությունը հազարից ավելի գյուլենականների ձերբակալության որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության ուժերը փետրվարի 12-ին երկրի 76 նահանգում գյուլենականների դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություններ են սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական դատախազությունը 1112 անձի գյուլենականության կասկածանքով ձերբակալելու որոշում է կայացրել:

Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:

74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում