Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ, սակայն դա չի բերելու կադրային ջարդի. Տիգրան Ավինյանն ամփոփում է քարոզարշավը

Պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ, սակայն դա չի բերելու 
կադրային ջարդի. Տիգրան Ավինյանն ամփոփում է քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ագրարային-հանքարդյունաբերական երկրից վերածել հզոր արդյունաբերություն ունեցող ու բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկրի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա ամփոփեց նաև քարոզարշավի աշխատանքները:

-Պարոն Ավինյան, քարոզարշավի ավարտին մի քանի օր է մնացել: Ասացեք խնդրեմ, այս ընթացքն ինչպե՞ս եք գնահատում թե «Իմ քայլը» դաշինքի, թե Ձեր՝ որպես դաշինքի ռեյտինգային թեկնածուի համար:

-«Իմ քայլը» դաշինքն ակտիվ ու դինամիկ քարոզարշավ է անցկացնում։ Մեր թեկնածուները և նրանց աջակցող թիմը թե՛քաղաքացիների հետ անմիջական հանդիպումների, թե՛ քննարկումների, բանավեճերի և հարցազրույցների միջոցով ներկայացնում են մեր նախընտրական ծրագիրը և Հայաստանի ապագայի տեսլականը։ Ինչ վերաբերում է անձնապես ինձ, ապա պետք է հայցեմ իմ ընտրողների ներողամտությունը, քանի որ չեմ հասցնում լիարժեքորեն ներգրավվել ընտրարշավին՝ կատարելով փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այնուամենայնիվ, երեկոյան, ոչ աշխատանքային ժամերի ընթացքում աշխատում եմ բացը լրացնել և շփվել մարդկանց հետ, ինչի արդյունքում ստանում եմ բազում դրական լիցքեր, որը օգնում է էլ ավելի մեծ վճռականությամբ շարունակել իմ աշխատանքը:

-Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, ինչպիսի քարոզարշավ է ծավալվում: Արդյո՞ք արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև ծրագրային պայքար տեսնում եք:

-Կարծում եմ, այս քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիները լայն հնարավորություններ ունեն ծանոթանալու տարբեր քաղաքական ուժերի ծրագրերին: Դրանք լուսաբանվում են և՛ ավանդական ԶԼՄ-ների, և՛ սոցիալական մեդիայի միջոցով, ինչպես նաև ներկայացվում են տարբեր հանդիպումների, քայլերթերի և այլ միջոցառումների ընթացքում: Այս նախընտրական քարոզարշավն առանձնանում է բանավեճերի քանակով, որոնց ամենաբարձր մակարդակով ակտիվորեն մասնակցում են նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ինչն ինքնին զգալի մշակութային փոփոխություն է: Ես ինքս արդեն մասնակցել եմ երկու բանավեճի, որոնց ընթացքում ներկայացրել եմ մեր քաղաքական ուժի մոտեցումները:

-Պարոն Ավինյան, տեսակետներ են հնչում այն մասին, որ ընդհանուր նախընտրական պայքարը, կարծես, ծավալվում է «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի միջև: Այսպես ասած, փոխհրաձգությունը, չի՞ ստվերում, արդյոք, ծրագրային բանավեճը:

-Իհարկե, այս քարոզարշավն ամենաիդեալականը չէ« և ցանկալի կլիներ, որ էլ ավելի մեծ ուշադրություն դարձվեր կուսակցությունների ծրագրերին: Մենք առավելագույնս աշխատում ենք մեր ծրագրերը հանրության դատին ներկայացնելու ուղղությամբ, և ես ինքս բազմիցս խոսել եմ մեր տնտեսական քաղաքականության մասին:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հետ ծրագրային բանավեճին, ապա այն հնարավոր չէ, քանի որ նրանք խոսում են ամեն ինչից՝ բացի ծրագրերից: Նշածս բանավեճերի ընթացքում ՀՀԿ իմ գործընկերը խոսեց, թերևս, ամեն ինչից՝ բացի կուսակցության ծրագրից ու տեսլականից: Ինչու՞: Որովհետև նման ծրագիր չկա: ՀՀԿ-ն տապալել է անցած 20 տարում ծրագրային պայքարը, երկրի կառավարումը և տնտեսությունը, և, ինչպես վերջին օրերի իրադարձություններն են ցույց տալիս, այդպես էլ ոչինչ չի սովորել:

Այո՛, ծրագրային բանավեճը որոշ չափով ստվերվում է, քանի որ Հանրապետականի կողմից մեր ուղղությամբ անընդհատ մերկապարանոց մեղադրանքներ են հնչում« և նրանք տեղեկատվական դաշտ են ներմուծում բազմաթիվ ստեր։ Դրանք պահանջում են մեր կողմից հստակ ու սպառիչ պատասխաններ, որոնք և տրվում են:

-Քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքն արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներ ունենալ ընտրողների հետ՝ ներկայացնելով քաղաքական, տնտեսական հարցերը: Ո՞րն է ձեր քաղաքական ուժի գլխավոր  ուղերձը տնտեսական առումով:

-Մենք առաջարկում ենք տնտեսական աճի ներառական մոդելը, որի արդյունքում երկրի տնտեսական առաջընթացը յուրաքանչյուր քաղաքացի անմիջապես զգալու է իր ամենօրյա կյանքում։ Տնտեսական աճը պետք է սոսկ վիճակագրություն չլինի, այն պետք է բերի զբաղվածության ավելացում: Աճի արդյունքում առաջացած հավելյալ ֆինանսական միջոցներն ուղղելու ենք որակյալ ու մատչելի կրթական և առողջապահական ծառայությունների հասանելիություն ապահովմանը, ինչպես նաև տրանսպորտային, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը։

Հայաստանը ագրարային-հանքարդյունաբերական երկրից փուլ առ փուլ վերածելու ենք հզոր արդյունաբերություն ունեցող ու բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկրի: Մարդկային ստեղծագործ միտքն ու կարողությունները տնտեսական աճի հիմնական շարժիչներն են լինելու, և մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի այդ կարողություններն աճեն և արդյունք ապահովեն:

Նոր Հայաստանում աշխատանքն ու գիտելիքն են լինելու արժանապատիվ ու երջանիկ կյանքի հիմքերը, և այսուհետը մեր հայրենակիցները պետք է չլքեն իրենց երկիրն աշխատանքի կամ արդարության փնտրտուքներում:

-Խոսվում է տնտեսական հեղափոխության մասին, ի՞նչ առաջնահերթություններ կառանձնացնենք այդ նպատակի ճանապարհին: Ո՞ր ուղղություններով և ի՞նչ կոնկրետ անելիքների սպասի քաղաքացին:

-Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացումը, գիտելիքի և նորարարությունների վրա հիմնված տնտեսական համակարգի ձևավորումը, արտահանմանը և զբաղվածության ընդլայնմանը միտված ներդրումների խթանումը մեր տնտեսական քաղաքականության անկյունաքարերն են:

Մեր հիմնական գերակայություններն են լինելու տնտեսական բարեփոխումները, տնտեսության բոլոր ճյուղերի մրցունակության խթանման համար պայմաններ ստեղծելը: Մասնավորապես, նախատեսում ենք նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը։

Մեծ նշանակություն ենք տալիս հավելյալ արժեք ստեղծող ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, ջրագծեր, էլեկտրահաղորդակցության ցանցեր, համացանցի հասանելիություն) զարգացմանը:

Նախատեսում ենք մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսության և կարիքների գնահատման միջոցով բարելավել հանրային քաղաքականությունը: Բացի այդ, յուրաքանչյուր ճյուղային քաղաքականություն իրականացվելու է փաստերի և գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Վերջապես, որպես գերակա ուղղություններ ուշադրության են արժանանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող և թեթև արդյունաբերությունը, բարձրարժեք գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը:

-Քարոզարշավի ընթացքում խոսվում է նաև պետական կառավարման համակարգն օպտիմալացնելու մասին: Այս համատեքստում մտավախություն կա, որ պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ գործազուրկ կմնան: Այստեղ ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

-Բոլորն էլ կհամաձայնեն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արդյունավետ և  ճկուն պետական կառավարման համակարգ: Մենք պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ՝ նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ինչպես նաև բարձրացնելով պետական աշխատողների վարձատրությունը: Այս ամենը, սակայն, չի բերելու կադրային ջարդի և գործազրկության. այս բարեփոխումների համատեքստում իրականացնելու ենք միջոցառումներ ռիսկերը չեզոքացնելու համար։

-Պարոն Ավինյան, տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքներ են հրապարակվել, ըստ որոնց, «Իմ քայլը» դաշինքը 60 տոկոսից ավելի ձայն կարող է ունենալ: Կարծում եմ, դուք էլ ձեր ներքին հարցումներն եք անցկացնում: «Իմ քայլը» դաշինքն ի՞նչ ակնկալիքներ ունի:

-Այո, շատերի կարծիքով, «Իմ քայլը» դաշինքն այս ընտրությունների ակնհայտ առաջատարն է, սակայն թե քանի՞ տոկոս կհավաքենք, դա կորոշի միմիայն ժողովուրդը: Բնականաբար, մենք հայցում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն, որպեսզի ավարտին հասցնենք այս տարվա գարնանը սկսված պատմական գործընթացը, ի լրումն քաղաքականի իրականացնենք տնտեսական հեղափոխություն և Հայաստանը անշրջելիորեն դնենք վերընթաց զարգացման ռելսերի վրա:

-Ասացեք խնդրեմ, ընտրություններին հաջողություն գրանցելու պարագայում, դուք Ձեզ օրենսդիր իշխանությունո՞ւմ եք պատկերացնում, թե գործադիրում:

-Այժմ չեմ ցանկանա կանխատեսումներ անել այդ հարցի վերաբերյալ։ Ամեն դեպքում, կլինեմ այնտեղ, որտեղ կկարողանամ առավելագույնս նպաստ բերել Հայաստանի Հանրապետության զարգացմանը ու հզորացմանը։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]