Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Մեր քաղաքական ընկալումն այն է, որ նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի. Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական ընկալումն այն է, որ  նախարարությունների թիվը պետք է 
շոշափելիորեն կրճատվի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը Հայաստանի պետական համակարգի անարդյունավետությունն ու դանդաղաշարժությունն է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե հնարավո՞ր է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախարարությունների թվի կրճատման խնդիր դրվի: «Ամենապրիմիտիվ խնդիրը լուծելու համար ստիպված ենք շատ երկար սպասել մինչև բոլոր ընթացակարգերով, բոլոր տեղերով անցնի, էլ չեմ ասում, որ որոշ տեղերում հնարավորինս դանդաղ տեմպերով է ամեն ինչը տեղի ունենում: Չեմ ուզում թաքցնել, այո, մենք խնդիր ունենք ոչ թե կրճատելու, այլ խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում նախարարությունների թիվն ավելի շատ է, քան օբյեկտիվորեն կա դրա անհրաժեշտությունը: «Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի: Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից: Բայց սա չի նշանակում, որ մենք փակ աչքերով, ուղղակի ֆանատիկորեն պետք է ամեն ինչ և բոլորին կրճատենք: Մենք հասկանում ենք, որ որոշակիորեն հավասարակշռված գործընթացներ պետք է լինեն: Իհարկե, մեր ցանկացած գործողություն ուղղված կլինի խնդիրների լուծմանը, ոչ թե խնդիրներ առաջացնելուն: Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, այդ թվում թվայնացման միջոցով մեզ համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, որ մենք պետք է լուծենք:  Ի վերջո, պետական կառավարման համակարգը խնդիրների լուծման տեսանկյունից առաջնային դեր ունի, և մենք պետք է ճշգրիտ և ժամանակին խնդիրները ախտորոշենք և լուծումներ առաջարկենք»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կառավարությունը և նրա կառուցվածքը միայն երևացող մասն է: «Բայց շատ ավելի չերևացող մաս կա: Հաջորդ արձանագրումն այն է, որ կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ կան նաև ոչ ֆորմալ համակարգեր: Որովհետև նախարարություններում ունենք վարչություններ, բաժիններ և այլն, իսկ կառավարությանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր ՊՈԱԿ-ներ: Ես կարծում եմ, որ սա, իհարկե, խնդրահարույց է: Չեմ ասում, որ մենք դնելու ենք փակ աչքերով ամեն ինչ կտրենք, բայց, իհարկե, այս հարցին լրջորեն անդրադառնալու ենք, և արդեն իսկ սկսել ենք այդ անդրադարձը, մասնավորապես, 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման համատեքստում»,- ասաց Փաշինյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]