«Ուրարտու» բասկետբոլային ակումբն այսուհետև կներկայացնի Վանաձոր քաղաքը
ՎԱՆԱՁՈՐ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային թիմն այսուհետև կներկայացնի Հայաստանի երրորդ քաղաքը՝ Վանաձորը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ակումբի ներկայացուցիչները:
«Մեզ համար պատմական օր է, քանի որ «Ուրարտու»-ն այսուհետև կունենա վանաձորյան գրանցում: Մենք երկար մտածեցինք և հասկացանք, որ այս քաղաքին խաղային ձև է պետք: Կարծում ենք, որ միայն ֆուտբոլը քիչ է, Վանաձորին նաև բասկետբոլային ակումբ է պետք: Մենք պահպանել ենք թիմի կորիզը, բայց կլինեն նոր համալրումներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը:
Վերջինիս խոսքով՝ թիմը նպատակ ունի իր կազմում տեսնել նաև վանաձորցի բասկետբոլիստի: «Ուրարտու»-ն հեռուն գնացող նպատակներ ունի, ցանկություն կա նաև հանդես գալու եվրոպական մրցաշարերում:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գոհունակություն հայտնեց, որ, բացի ֆուտբոլային թիմի, Վանաձորը կունենա նաև բասկետբոլային թիմ: «Սա հաճելի պարտավորություն է մեզ համար: Աշխարհում և երկրում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին մենք պետք է մեր քաղաքում զարգացնենք նաև թիմային մարզաձևերը»,-շեշտեց քաղաքապետը:
«Ուրարտու»-ն իր հանդիպումները կանցկացնի քաղաքի մարզապալատում, որ տեղավորում է մոտ 1000 երկրպագու:
Նախորդ մրցաշրջանում «Ուրարտու»-ն դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Լիգա Ա-ում գրավեց երրորդ տեղը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում