Արդարադատության նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:
Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վրաստանը կարևորում է Հայաստանում արձանագրված հաջողությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորությունը, անդրադարձել են պետական ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քրեակատարողական և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցության խորացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում