1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մաքուր Հայաստանից մինչև համայնքների համաչափ զարգացում. նախարարն ամփոփեց իր գործունեության 100 օրը

Մաքուր Հայաստանից մինչև համայնքների համաչափ զարգացում. նախարարն 
ամփոփեց իր գործունեության 100 օրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը: Տարածքային կառավարման և զարգացման ոլորտում նախորդ 100 օրվա ձեռքբերումների, խնդիրների, գերակա այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

- Դուք արդեն մոտ 100 օր զբաղեցնում եք տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը: Այս ընթացքում, կարծես թե, բոլոր մարզպետները փոխվեցին և նորերը նշանակվեցին: Վերջիններս ինչպիսի՞ աշխատանք են իրականացրել, և ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունն այս ընթացքում, թերացումներ լինո՞ւմ են:

-Բոլոր մարզպետներին նշանակում է ՀՀ կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանդիսանում է միջանկյալ օղակ՝ Կառավարության և մարզպետարանների միջև: 10 մարզպետներից յուրաքանչյուրն ունի սեփական աշխատելաոճը: Այն ժամանակվանից, երբ ես սկսեցի ղեկավարել այս գերատեսչությունը, երկու շաբաթը մեկ հանդիպումներ են լինում մարզպետների հետ: Այդ ընթացքում խոսում ենք բոլոր առաջացած խնդիրների մասին, փորձում ենք լուծումներ տալ: Մինչ այսօր չի եղել այնպիսի խնդիր, որ հնչեղություն ունենա, և դրան լուծում գտնված չլինի: Օրենքի սահմաններում յուրաքանչյուր մարզպետի գործելաոճը շատ կարևոր է, և այն պաշտոնյաները, ովքեր կշրջանցեն օրենքը՝ պատասխան կտան ողջ խստությամբ:

- Դուք ինքներդ Լոռու մարզից եք, և վստահաբար կարելի է ասել, որ սեփական «մաշկի վրա» եք զգացել մարզային խնդիրները: Նախարարի պաշտոնում էլ ավելի խորն ուսումնասիրելուց հետո, ի՞նչ գերակա խնդիրներ եք տեսնում, որոնց պետք է առաջիկայում լուծում տաք:

-Մարզերի համար ամենակարևոր և գերակա խնդիրը համաչափ զարգացումն է: Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ մարզերում վիճակն էականորեն տարբերվում է երևանյան իրավիճակից՝ տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքների և ժողովրդագրական առումներով: Մարզեր կան, որոնք աչքի են ընկնում իրենց սահմանապահ լինելով, երկու մարզ կա, որոնք աղետի գոտի են հանդիսանում: Այսինքն՝ մեր մարզերը, մեր բնաշխարհին ու ռելիեֆին համապատասխան, ունեն իրենց առանձնահատուկ խնդիրներն ու յուրահատկությունները: Արարատյան դաշտը ջրային խնդիրներով է աչքի ընկնում, բոլորի համար համատարած է միջհամայնքային ճանապարհների խնդիրը: Կան 25-30 տարում կուտակված լուրջ խնդիրներ, որոնց լուծումները հեշտ չեն լինի, բայց համակարգված աշխատելու, ինչպես նաև առկա ֆինանսական միջոցների ճիշտ օգտագործման արդյունքում հնարավոր կլինի հասնել հետաքրքիր լուծումների: Մենք այժմ այդ ճանապարհին ենք:

- Ձեր հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրման համար: Ինչպիսի՞ բողոքներ ունեն քաղաքացիները, ի՞նչ հարցերով են հիմնականում դիմում:

-Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ են, հաճախ նույնիսկ չեն վերաբերում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Իմ պաշտոնավարման ամենասկզբում Նիկոլ Փաշինյանը դիմեց հանրությանը, որպեսզի դիմում-բողոքներով դիմեն Կառավարություն և մեր գերատեսչություն: Հավանաբար, հենց դրանից ելնելով մինչ այսօր շարունակվում է հոսքը, և մենք ուղղակի համակարգում ենք այդ ամենն ըստ ոլորտների և ուղարկում համապատասխան գերատեսչություններին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը վերաբերող բողոքները հիմնականում լինում են համայնքապետարանների, մարզպետարանների աշխատանքի մասին, նրանց պաշտոնավարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ: Մենք ունենք իրավական և վարչական վերահսկողություն իրականացնելու իրավասություն և մեր խումբը՝ բողոքի պարագայում գնում է տվյալ համայնք և դեպքեր են լինում, որ չեն էլ հասցնում Երևան վերադառնալ, միայն շաբաթ և կիրակի օրերին են ետ գալիս: Այսօր արդեն կարիք կա նոր հաստիքների ներգրավման, որպեսզի կարողանանք «ծածկել» ՀՀ տարածքը: Այդ խնդիրների վերհանման արդյունքում, երբ պարզ է դառնում, որ բողոքները համապատասխանում են իրականությանը, դիմում ենք համապատասխան մարմիններին: Ունենք դեպքեր, երբ դիմել ենք դատախազություն, իսկ եթե մեր իրավասությունների սահմանում է, խնդիրներին լուծում ենք տալիս: Խնդիրներ են եղել նաև նախկինում հողերի սեփականաշնորհման վերաբերյալ:  

-ԱԻՆ-ը շարժական գազալցակայանների խնդրի լուծումը փոխանցել է մարզպետներին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ:

-Հիմնականում դրանք չեն գործում, և այս պահին այդ հարցը, կարծես թե, կարգավորված է: Վերջերս ահազանգ ենք ստացել, որ Գեղարքունիքի մարզում գործում է երկու շարժական գազալցակայան, և ես անմիջապես զանգել եմ մարզպետին, հրահանգել, որպեսզի կարգավորվի խնդիրը: Այդ գազալցակայանների փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և ԱԻՆ-ի ներկայացրած նոր պահանջներին, և հենց դա առիթ է հանդիսանում փակելու և հետագա գործունեությունը դադարեցնելու համար:

- Աշխատանքային այցով եղել եք Արցախի Հանրապետությունում, քննարկումներ ունեցել տարբեր նախարարների և հենց նախագահ Բակո Սահակյանի հետ: Հնարավո՞ր է, որ որոշ համագործակցություն լինի:

-Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև կապն օրգանական է, և, բնականաբար, համագործակցություն լինելու է: Գյուղատնտեսության նախարարի հետ եմ հանդիպել, որը համակարգում է նաև տարածքային կառավարման ոլորտը: Պատասխան հանդիպում նույնպես եղել է, Գորիսում: Համագործակցության առաջին փուլը, որն արդեն մեկնարկել է, վերաբերում է տարածքային կառավարման մեր ունեցած բարեփոխումների մոդելը Արցախին փոխանցելուն: ԱՀ-ն միանգամից անցում է կատարելու երկաստիճան տարածքային կառավարման, այսինքն՝ իրենք կունենան 7 կամ 8 խոշոր բնակավայր: Սա մեր խոշորացված համայնքների մոդելն է, երբ արդեն չկա մարզպետարան: Կառավարություն-համայնք կապն այնտեղ միանգամից կլինի: Այսինքն՝ տեղի կունենա համայնքների խոշորացում, կլինի խոշոր 7-8 համայնք, որոնք անմիջականորեն կապի մեջ կլինեն կառավարության հետ:

- Մտադի՞ր եք, արդյոք, նոր ծրագրեր իրականացնել: Փակագծերը փոքր-ինչ կբացե՞ք:

-Արդեն իսկ սկսվել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որը համաֆինանսավորմամբ է արվում՝ պետություն-համայնք, նպատակ ունենալով մոտիվացնել համայնքի բնակիչներին: Գործընթացն այսպես է արվելու՝ համայնքը կներկայացնի ծրագիր և, եթե այն վերաբերի սոցիալական ենթակառուցվածքներին, ապա համայնքը կտրամադրի պահանջվող գումարի 60, իսկ պետությունը՝ 40 տոկոսը: Տնտեսական ենթակառուցվածքների վերաբերյալ ծրագիր առաջարկելու դեպքում պատկերը կլինի հակառակը՝ 40 տոկոս համայնքի, 60 տոկոս՝ պետության կողմից: Ծրագրի նպատակն է՝ բնակչին ցույց տալ, որ իր համայնքի բյուջեն հնարավոր է օգտագործել համայնքի կարիքների համար: Այս ծրագրի միջոցով ամեն համայնք կարող է «վարակել» հարևան համայնքին, որպեսզի նրանք նույնպես առկա ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործեն: Մենք մշտական վերահսկողություն կիրականացնենք և կհորդորենք, որ իրենց բյուջեներն ի շահ իրենց համայնքի օգտագործեն: Խոշորացված համայնքը, որը բաղկացած է մի քանի փոքր համայնքներից՝ բյուջեն այնքան է, որ հնարավոր է մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնել բազմաբնակավայր համայնքի որևէ համայնքում: Այսինքն՝ կարող է այսպես լինել՝ խոշորացված համայնքը կարող է պլանավորել և ամեն տարի ընտրել այն համայնքները, որտեղ պետք է աշխատանքներ իրականացնել: Այդպիսով, կլուծվեն կենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ փողոցային լուսավորությունը, ճանապարհները, ջրագիծը, ոռոգման ցանցը: Մեկ այլ ծրագիր էլ կա, որտեղ ներգրավված են այն փոքր համայնքները, որոնք ի վիճակի չեն մասնակցել սուբվենցիոն ծրագրին: Եթե համայնքն ունի ծրագիր, սակայն մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող իր բյուջեից գումար տրամադրել, ապա նշում է համաֆինանսավորման չափը, թե որքան կարող է հատկացնել: Մենք ուսումնասիրում ենք. արդյոք հնարավորություններն այդքա՞ն են, և, եթե ամեն ինչ ճիշտ է ներկայացված լինում, գումարի մնացած մասը տրամադրում է պետությունը:

- «Մաքուր Հայաստան» ծրագիրը շարունակվելո՞ւ է, եթե այո, ապա լինելո՞ւ են, արդյոք, փոփոխություններ:

- Ծրագրի էությունն է՝ Հայաստանում աղբահանությունն ավելի բարձր մակարդակի հասցնել: Սա մեզ համար առաջնային և էական նշանակություն ունեցող խնդիր է: Սեպտեմբերի 15-ին մենք փորձելու ենք մասնակցել «Մաքուր մոլորակ» ծրագրին, և դրա նախապատրաստման փուլը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 8-ին: Այդ օրն անցկացնելու ենք համապետական խոշոր շաբաթօրյակ, կփորձենք ծածկել աղբավայրերը, մաքրել գյուղերի և քաղաքների աղտոտված հատվածները: «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործումը կախված է ֆինանսական միջոցներից, թե հետագայում որքան կհատկացվի աղբահանությանը: Մենք այժմ մշակում ենք նաև աղբահանության հայեցակարգ: Պետք է գտնել աղբի կոնսերվացիայի մեթոդները, հասկանալ, թե ինչ կարժենա մեր երկրի համար, ինչպես նաև մեզ պետք են ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբավայրեր: Մի քանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում ենք նաև Երևանի աղբավայրերի կոնսերվացիայի, ինչպես նաև աղբի վերամշակման գործարաններ ստեղծելու շուրջ: Մենք մի օր կունենանք մաքուր Հայաստան, բայց ոչ թե պետք է ձևականություն լինի, այլ խնդրին համակարգային լուծում տրվի:   

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]