Էկոնոմիկա

Հայաստանը ռադիատոր ներմուծող երկրից մասամբ վերածվել է նաև արտահանողի․ Պապոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ռադիատոր ներմուծող երկրից մասամբ վերածվել է նաև արտահանողի․ Պապոյան

Հայաստանը ռադիատորներ ներմուծող երկրից աստիճանաբար վերածվում է նաև նման արտադրանք արտադրող և արտահանող երկրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ երկար տարիներ Հայաստանի շուկայում հիմնականում վաճառվել են Թուրքիայից և Չինաստանից ներմուծված ռադիատորներ։ Ավելի բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներն օգտվել են իտալական և իսպանական արտադրանքից։

«Մինչև այս տարի Հայաստանում ռադիատորի սեփական արտադրություն չի եղել։ Տասնամյակներ շարունակ մենք ամբողջությամբ ներմուծող երկիր ենք եղել»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակի փոփոխությունը կապված է մետաղական արդյունաբերության զարգացման հետ։ Նախարարը հիշեցրեց, որ 1990-ականներին և 2000-ականներին բազմաթիվ արտադրական հզորություններ սեփականաշնորհվելուց հետո չեն գործարկվել, իսկ դրանց սարքավորումները արտահանվել են որպես մետաղի ջարդոն։

«Հայաստանը երկար ժամանակ մետաղի ջարդոն արտահանող երկիր էր։ Հետագայում նույնիսկ ավտոմեքենաների կմախքներ էին արտահանվում, մինչև այդ գործընթացը օրենսդրորեն արգելվեց»,- նշեց նախարարը։

Պապոյանի խոսքով՝ սահմանափակումների արդյունքում մետաղական հումքը սկսել է օգտագործվել տեղում՝ արտադրական նպատակներով։ Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանը ոչ միայն ամրան է ներմուծում, այլև արտադրում և արտահանում, ինչպես նաև արտադրում է տարբեր մետաղական կոնստրուկցիաներ և գլանվածքներ։

«Այդ արտադրանքների մեջ համեմատաբար բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքը ռադիատորներն են, որոնք պատրաստվում են ալյումինից։ Եթե նախկինում ալյումինը հավաքվում և արտահանվում էր որպես հումք, ապա այսօր այն օգտագործվում է տեղական արտադրությունում»,- ընդգծեց նա։

Նախարարը կրկին նկատեց՝ ներկայում հայկական արտադրության ռադիատորներն արդեն առկա են ներքին շուկայում՝ թուրքական, չինական, իտալական և իսպանական արտադրանքի կողքին, իսկ դրանց մի մասն արդեն արտահանվում է։

«Մենք ռադիատոր ներմուծող երկրից մասամբ վերածվել ենք նաև նման արտադրանք արտադրող և արտահանող երկրի, ինչը շատ կարևոր է»,- եզրափակեց Պապոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում