Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ
2 րոպեի ընթերցում
![Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/939532.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հայտնում է թուրքական Habertürk-ի լրագրող Նագեհան Ալչըն:
«Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը համարվող Աճեմօղլուն թուրքական տնտեսության կառուցվածքային խնդիրները լուծելու տեսլականով պատմական գործ կարող է անել»,- գրել է Ալչըն: Հենվելովանանուն, բայց «կարևոր աղբյուրների վրա»՝ լրագրողը հայտնել է, որ բոլորին մշտապես զարմացնողԷրդողանը «Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»:
Նրա հեղինակած լուրը տարածվել է թուրքական մեծ թվով լրատվամիջոցներով:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունեցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որոնցով երկրում անցում է կատարվել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:
Երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն այսուհետ իրեն վերապահված լիազորություններով նշանակելու է կառավարության անդամներին:
Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների: