ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուրախ է Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քայլերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին, ընդգծեց, որ ուրախ կլինի, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի:
Հարցին՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չեն պայքարել նման երևույթները բացահայտելու համար, ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Երբ կբացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կկարողանանք գնահատել»:
Հարցին՝ գործադիրի ղեկավարը ցանկանում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների,այդ մասին ինչ կարծիք ունի, Բաբլոյանը պատասխանեց. «Դեռ կքննարկենք»:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը կքննարկվի քաղաքական ուժերի հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունները կկայանան այս տարի: ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը: