Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում

ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց 
բացահայտում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, որ տվյալ անձը պետությունից գումար է գողացել և հաստացել է: Իմ մոտեցումն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է:

Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: «Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն»,-ասաց Վանեցյանը՝ խոստանալով բացահայտումները հանրությանը ներկայացնել շուտով:

Վանեցյանը հավելեց, որ ԱԱԾ աշխատանքների շնորհիվ բավականին մեծ գումարներ են վերադարձվելու պետական բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի այս տարի պետական համակարգում որոշ պարգևավճարներ ապահովել, իսկ հաջորդ տարի արդեն ստվերի լուրջ կրճատման շնորհիվ մուտքերն անհամեմատ կավելանան, որը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատավարձերը: «Քաղաքական ղեկավարությունն ուղիներ է փնտրում պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու»,-նշեց ԱԱԾ պետը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ