Տարածաշրջանային

Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին

2 րոպեի ընթերցում

Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ 2016 թվականից կալանքի տակ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի համար նախընտրական հավասար պայմաններ ապահովելու նպատակով պատրաստվում է դիմել բարձրագույն ընտրական հանձնաժողով և խորհրդարան: Ուշագրավ է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահի ընտրություններում պաշտոնապես գրանցվել է այն գործչի թեկնածությունը, ով գտնվում է բանտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը:

Կուսակցությունը դիմելու է բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ կառույցը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար, ուստի Դեմիրթաշն այդ ընթացքում պետք է դուրս գա կալանավայրից և ազատության մեջ լինի: Նմանօրինակ դիմում է ներկայացվելու նաև մեջլիսի նախագահությանը:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում