Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները:

Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ելք» դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության:

Սրանով մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու:

Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձությունների միջով և վստահ եմ, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատվածները Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում:

Այն կբարձրացնի մեր հեղինակությունը և վարկն աշխարհում:

Այս ամենի մեջ ուզում եմ հատկապես բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդության ներգրավվածությունը և վճռորոշ դերը: Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ:

Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ: Հավատացած եմ և տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը և եռանդը»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]