Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողություն. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին

Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում 
տիրել 
ամենաթողություն. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավաքների իրականացումը չպետք է խանգարի, ուղղակի անհամաչափ ձևով խախտի որիշների իրավունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հավաքներին:

«Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են: Այլ երկրներում շատ հաճախ այդ դժգոհություններն ավելի սուր են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց բոլոր ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ փոփոխությունների մեջ է:

Ինքներդ էլ նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունը՝ արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը: Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ տարբերակի, արտահայտելու մարդկանց դժգոհությունը: Կարծում եմ, որ դա և՛ իշանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ: Խնդիրը նրանում է, թե որքանով են այդ դժգոհությունները կամ բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ երբ ամեն բան համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չի լինում:

«Հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտման ձևը` հանրահավաքներ, երթեր և այլն, ինչ-որ չափով պետք է սահմանափակի այլ քաղաքացիների և հասարակության իրավունքներն ու ազատությունները, կա սահման, որ չպետք է անցնել: Ե՛վ իրավապահ մարմինները, և՛ իշխանությունները, և՛ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ինչ-որ կերպ, իրենց մի քիչ նեղելով համակերպվում են այդ մտքի հետ: Բայց երբ  մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար հոգի անցնում են խաղաղ ցույցերով նախատեսված շեմն ու սկսում խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել որիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելու համար, թե ինչու ես՝ աշխատող մարդս պետք է գործից ուշանամ 3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել: Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են անպայման երկրում անկայություն ստեղծել: Սա է խնդիրը»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե որքան երկար կարող է շարունակվել այս իրադրությունը, վարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:

«Տեսնում ենք, թե այս ցույցերի ընթացքում իրավապահ մարմինները որքան զուսպ էին: Չէի ցանկանա, որ այդ անհամաչաությունն այնքան խախտվեր, որ իրավապահներն արդեն ստիպված լինեին հարկադրանքի միջոցներ կիրառել: Սա է ամբողջը: Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության»,- նշեց վարչապետ Սարգսյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ