Պատասխանատուների խոսքով՝ Շիրակի համալսարանի դասախոսերը կարող են աշխատանքի վերականգնման հարցը լուծել միայն դատական կարգով
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի համալսարանի հոգաբարձուների խորհրդի մարտի 24-ի նիստն անցավ դռնփակ: Նիստին ներկա էին նաև համալսարանի խորհուրդը և ամբիոնների վարիչները: Խորհրդի անդամները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ քննեցին բուհում տիրող իրավիճակն ու աշխատանքից ազատված դասախոսներ՝ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի հարցն առանց նրանց ներկայության։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նիստը փակ էր նաև լրագրողների համար: Ավելին, մինչև 16:00 համալսարանն ընդհանրապես փակ էր ոչ միայն լրագրողների, այլև ուսանողների համար:
Խորհրդի նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հանդիպեցին լրագրողներին և ուսանողներին՝ պարզաբանելով նիստի մանրամասները: «Քննարկվեց համալսարանում տիրող իրավիճակը: Մարդիկ ներկայացրեցին իրենց կարծիքը, և մենք գտնում ենք, որ բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ հանգիստ պայմաններում, առանց այն իրավիճակի, որ ստեղծված է բուհի շուրջ: Բոլոր հարցերն ի վիճակի են լուծվել ժամանակի ընթացքում»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Խոսելով աշխատանիք ազատված դասախոսների մասին՝ պատասխանատուները փաստեցին, որ վերջիններիս աշխատանքի վերականգնման հարցն ըստ օրենքի հնարավոր է միայն դատական մարմինների օգնությամբ։ Ինչ մնում է բուհում չարաշահումների կամ ՀՀ ԿԳ ուսումնասիրությունների ու աուդիտի արդյունքերին, ապա դրանք առաջիկայում կտեղադրվեն բուհի կայքում՝ ապահովելով թափանցիկություն: «Ազատված դասախոսների մասով մենք ոչինչ չենք կարող անել: Նրանք կարող են այդ հարցը ներկայացնել դատարան: Երբ դատարանը որոշում կայացնի, որ ռեկտորը սխալ է եղել, ռեկտորին պատժելու հարցը կդնենք»,-հավելեց Ֆելիքս Ցոլակյանը:
«Որպես ՀՀ Կրթության և գիտության նախարար, ինձ համար անչափ կարևոր է բուհի հեղինակությունը, որը ձևավորվում է այդ հաստատությանը հարգելու միջոցով։ Սա շատ կարևոր է, հատկապես, երբ խոսում ենք համալսարանի մասին,-նշեց Լևոն Մկրտչյանը՝ փաստելով, որ առաջիկայում Աժ քննարկմանը կդրվի բարձրագույն կրթության այն օրենքը, որի մեջ նաև կա կետ, ըստ որի համալսարանական բոլոր պաշտոնները՝ սկսած դասախոսից, պետք է լինեն ընտրովի, իսկ այդ ընտրությունները պետք է լինեն թափանցիկ:
«Բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան մասնակցելու այդ ընտրությանը, ներկայացնեն իրենց վաստակը: Ցավոք, մինչ այս նաև այս համալսարանում նման կարգ գոյություն չուներ: Սա շատ կարևոր սկզբունք է, ու այս պարագայում շատ հարցեր կլուծվեն»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրեցին հարցեր՝ կապված իրենց իրավունքների, իրենց վրա տարբեր ճնշումների գործադրման և ազատված դասախոսների աշխատանքի վերականգման վերաբերյալ: «Մեր համոզմամբ՝ այս խնդիրը համակարգային է: Այս խնդիրն աճեց միայն այն պատճառով, որ ժամանակին բարձրացված հարցերին պատասխաններ չտրվեցին ու քայլեր չձեռնարկվեցին»,-նշեց ուսանող Աշոտ Թադևոսյանը:
Նախարարը խոստացավ ևս մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում, հանդիպել ուսանողներին՝ առաջարկելով ներկայացնել իրենց դիտարկումները՝ բուհում ուսումնական պրոցեսի հետ կապված:
Հանդիպման ավարտին Լևոն Մկրտչյանը և Ֆելիքս Ցոլակյանն առանձնազրույց ունեցան նաև աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում