Պատասխանատուների խոսքով՝ Շիրակի համալսարանի դասախոսերը կարող են աշխատանքի վերականգնման հարցը լուծել միայն դատական կարգով

Armenpress 20:04, 24 Մարտ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Շիրակի  համալսարանի հոգաբարձուների խորհրդի  մարտի 24-ի նիստն  անցավ դռնփակ: Նիստին ներկա էին նաև համալսարանի խորհուրդը և  ամբիոնների վարիչները: Խորհրդի անդամները՝  ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և  հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս  Ցոլակյանի գլխավորությամբ քննեցին բուհում տիրող իրավիճակն   ու   աշխատանքից ազատված դասախոսներ՝  Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի հարցն  առանց նրանց ներկայության։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նիստը  փակ էր  նաև  լրագրողների համար: Ավելին,  մինչև  16:00 համալսարանն ընդհանրապես փակ էր ոչ միայն լրագրողների, այլև ուսանողների համար:

Խորհրդի նիստից հետո ՀՀ  ԿԳ նախարարն ու   հոգաբարձուների խորհրդի նախագահը  հանդիպեցին լրագրողներին և  ուսանողներին՝  պարզաբանելով  նիստի  մանրամասները: «Քննարկվեց համալսարանում տիրող իրավիճակը: Մարդիկ ներկայացրեցին իրենց կարծիքը, և մենք գտնում ենք, որ բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ հանգիստ պայմաններում, առանց այն իրավիճակի, որ ստեղծված է բուհի շուրջ:  Բոլոր  հարցերն ի վիճակի են լուծվել ժամանակի ընթացքում»,-նշեց  Ֆելիքս  Ցոլակյանը:

Խոսելով  աշխատանիք  ազատված դասախոսների  մասին՝ պատասխանատուները փաստեցին, որ  վերջիններիս աշխատանքի  վերականգնման հարցն   ըստ  օրենքի հնարավոր է միայն դատական մարմինների  օգնությամբ։ Ինչ մնում է բուհում չարաշահումների կամ ՀՀ ԿԳ ուսումնասիրությունների ու աուդիտի արդյունքերին, ապա դրանք  առաջիկայում կտեղադրվեն բուհի կայքում՝ ապահովելով թափանցիկություն: «Ազատված դասախոսների մասով մենք ոչինչ չենք կարող անել: Նրանք կարող են այդ հարցը  ներկայացնել դատարան: Երբ դատարանը որոշում կայացնի, որ ռեկտորը սխալ է եղել, ռեկտորին պատժելու հարցը կդնենք»,-հավելեց Ֆելիքս Ցոլակյանը:

«Որպես  ՀՀ Կրթության և գիտության նախարար, ինձ համար անչափ կարևոր  է բուհի հեղինակությունը, որը ձևավորվում է այդ  հաստատությանը հարգելու միջոցով։ Սա շատ կարևոր է, հատկապես, երբ խոսում ենք  համալսարանի մասին,-նշեց Լևոն Մկրտչյանը՝  փաստելով, որ  առաջիկայում Աժ  քննարկմանը կդրվի  բարձրագույն կրթության այն օրենքը, որի մեջ նաև կա կետ, ըստ որի համալսարանական բոլոր  պաշտոնները՝ սկսած դասախոսից, պետք է լինեն ընտրովի, իսկ այդ ընտրությունները պետք է լինեն թափանցիկ:

«Բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան մասնակցելու այդ  ընտրությանը, ներկայացնեն իրենց վաստակը: Ցավոք, մինչ այս  նաև այս համալսարանում նման կարգ գոյություն չուներ:  Սա  շատ  կարևոր  սկզբունք է, ու այս   պարագայում շատ հարցեր կլուծվեն»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում  ուսանողները բարձրացրեցին հարցեր՝ կապված իրենց իրավունքների, իրենց վրա տարբեր  ճնշումների գործադրման և   ազատված դասախոսների աշխատանքի վերականգման վերաբերյալ:  «Մեր համոզմամբ՝ այս խնդիրը համակարգային է: Այս խնդիրն աճեց միայն այն պատճառով, որ  ժամանակին բարձրացված հարցերին պատասխաններ չտրվեցին ու քայլեր չձեռնարկվեցին»,-նշեց ուսանող  Աշոտ Թադևոսյանը:

Նախարարը խոստացավ ևս մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում, հանդիպել ուսանողներին՝ առաջարկելով ներկայացնել  իրենց դիտարկումները՝  բուհում ուսումնական պրոցեսի հետ  կապված:

Հանդիպման ավարտին Լևոն Մկրտչյանը և  Ֆելիքս  Ցոլակյանն առանձնազրույց ունեցան նաև  աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ:

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am