Շտապ օգնության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն չի ունեցել և չունի. պարզաբանում է նախարարությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարությունը պարզաբանում է, որ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը հիվանդին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար:
Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա:
Միաժամանակ, քաղաքացին կարող է դիմել հիվանդանոց, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որի հիման վրա բժիշկը կարող է նշանակել բուժում (ներառյալ` դեղատոմսի դուրս գրումը):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում