Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ

Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ:  Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Նա կարծիք հայտնեց, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին: «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին»,- նշեց Նախագահ Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել է  հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Նախագահի խոսքով՝ անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում:  «Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Նախագահը շեշտեց, որ արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլել ժամանակին համընթաց: Հայաստանը շարունակաբար ձգտելու է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: «Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև»,- ասաց Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]