Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դաշնակահար Հայոու Չժանը Մոցարտի ստեղծագործությունները կատարեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ

Դաշնակահար Հայոու Չժանը Մոցարտի ստեղծագործությունները կատարեց Հայաստանի 
պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հանրահայտ ու սիրված ստեղծագործությունները յուրովի մեկնաբանությամբ կատարեց Չինաստանից Հայաստան ժամանած երիտասարդ և խոստումնալից դաշնակահար Հայոու Չժանը:

«Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգային ծրագիրն անցկացվեց փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) նվագակցությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դաշնակահարը նշեց, որ ընտրել է դաշնամուրը, քանի որ այն Չինաստանում ամենատարածված դասական երաժշտական գործիքն է, և իրեն դուր է գալիս դաշնամուրի հնչողությունը: Անդրադառնալով դասական երաժշտությանը՝ Հայոու Չժանն ասաց, որ այն յուրահատուկ է, և բնավ կապ չունի, թե որ մայրցամաքում ես ներկայացնում: «Երբ նվագում ես Շոպենի կամ այլ հռչակավոր կոմպոզիտորների գործեր, մարդիկ ընկալում են, զգում են երաժշտության խորությունն ու սիրահարվում: Ի վերջո` երաժշտությունը հաղորդակցման լավագույն լեզուն է»,-ընդգծեց Չժանը:

Նա խոստովանեց, որ նախընտրում է կատարել մեծանուն դասականների ստեղծագործություններ. հավանում է ժամանակակից կոմպոզիտորներին, բայց քչերի գործերն են իրեն հարազատ, քանի որ երաժշտության մեջ ուժեղ, անկրկնելի հույզեր է փնտրում: Անկեղծորեն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և որոշ չափով ծանոթ է Կոմիտասի գործերին, որոնք շատ հետաքրքիր են ու հոգեթով:

Ծրագրում հնչեցին Մոցարտի  
«Piano Concerto No.12 K.414 in A Major»,  «Piano Concerto No.13 K.415 in C Major»,  «Adagio and Fugue K.546 in C Minor» և «Eine Kleine Nachtmusik in G Major» գործերը:

Խոսելով Մոցարտի ստեղծագործությունների մասին՝ Հայոու Չժանն ասաց, որ նրա գործերի պարզությունն ասում է այն, ինչ ցանկանում ես իմանալ, ունենալ: Մոցարտը հանճարեղ է և մի քանի նոտայով մի ամբողջ աշխարհ է ստեղծում, նա հեքիաթային է:

Չնայած երիտասարդ տարիքին` Հայու Չժանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում:

2018-2019 համերգաշրջանում, որպես մենակատար հրավերներ է ստացել ելույթներ ունենալու բազմաթիվ նվագախմբերի հետ, որոնց շարքում են Հայաստանի պետական կամերային, Նյուրնբերգի սիմֆոնիկ, Վորոնեժի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի Ռուսական Կամերային ֆիլհարմոնիկ, Բեռլինի Deutsches Kammerorchester-ը, NDR Radiophilharmonie-ը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը:
Դաշնակահարը համերգային գործունեություն ծավալելուց բացի Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է:

Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում:

Հայու Չժանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել է Hochschule für Musik և Theater Hannover-ը` ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա դարձավ լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am